չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանը  համագործակցում է ՌԴ-ի հետ կենսաանվտանգության ոլորտում․ Արմեն Գրիգորյան

Հայաստանը համագործակցում է ՌԴ-ի հետ կենսաանվտանգության ոլորտում․ Արմեն Գրիգորյան

ՀՀ վարչապետի հրամանագրով գործում է աշխատանքային խումբ, որը Հայաստանի ներսում համակարգում է կենսաանվտանգության ոլորտը։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրուկցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այդ աշխատանքային խումբը համակարգում է  անվտանգության խորհրդի քարտուղարը։ Աշխատանքային խումբը ինտենսիվ աշխատում է մեր բոլոր միջազգային գործընկերների հետ, խմբի համակարգմամբ ժամանակին Ռուսաստանից մասնագետներ են այցելել Հայաստան և այդ մասնագետների կողմից բարձրացված բոլոր հարցերին հայկական կողմը տվել է սպառիչ պատասխաններ։ Այս համատեքստում նաև ցանկանում եմ արձանագրել, որ Հայաստանում բոլոր լաբորատորիաներում աշխատում են միայն ՀՀ քաղաքացիներ, այդ լաբորատորիաները գործում են ՀՀ օրենսդրության համաձայն և միտված են սպասարկելու միայն ՀՀ շահերը։ Բացի այդ, կենսաանվտանգությանը վերաբերող հարցերը մշտապես եղել են ՀՀ և ՌԴ անվտանգության խորհուրդների գրասենյակների համագործակցության օրակարգում։ Մեր ռուս գործընկերների կողմից բարձրացվող բոլոր հարցերը մշտապես ստացել են սպառիչ պատասխաններ։ Վերջերս նաև ՀՀ անվտանգության խորհրդի գարսենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանը եղել է Մոսկվայում, որտեղ միջգերատեսչական հանձնաժողովի հետ քննարկել է գոյություն ունեցող բոլոր հարցերը։ Եվ հայկական կողմը բոլոր հարցերին տվել է սպառիչ պատասխան»,- ասել է նա։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ այդ աշխատանքային խումբը քննարկել է նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև կենսաանվտանգության ոլորտում համագործակցությունը խորացնելու հարցերը։

«ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունի կենսաանվտանգությանը վերաբերող հուշագիր, և մեր համագործակցությունը կարգավորվում է նաև այս հուշագրով։ Մենք նաև շարունակում ենք աշխատել, որ անցած տարի ստորագրված այդ հուշագիրն իրականություն դառնա։ Ուզում եմ նաև նշել, որ Հայաստանը շարունակում է կենսաանվտանգության հարցերով համագործակցել իր բոլոր գործընկերների հետ, որպեսզի շարունակական բարելավի երկրի կարողությունները՝ տարաբնույթ սպառնալիքներին դիմագրավելու հարցում։ Այդ համագործակցությունը մենք իրականացնում ենք նաև թափանցիկության և միջազգային բարձր չափանիշների հիման վրա»,-հավելեց նա։

  • Կիսվել: