Գնում ենք սահմանափակումների թուլացման, բայց զուգահեռ ավելի ենք ուժեղացնելու հսկողությունը. փոխնախարար
«Մենք գնում ենք ռեժիմի թուլացման, բայց դա չի ենթադրում, որ մենք աջակցում ենք համավարակի տարածմանը»,- այսօր կառավարությունում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
«Մենք ստիպված ենք եղել գնալ այն քայլին, որ սահմանափակել ենք տնտեսական գործունեությունը, որը միմիայն ուղղված էր համավարակի տարածման կանխարգելմանը։ Հիմա երբ գնում ենք սահմանափակումների թուլացմանը, դրան զուգահեռ ավելի ենք ուժեղացնելու հսկողությունը»,- նշեց փոխնախարարը։
Վարող Սիմոնյանը ասաց, որ փակ տարածքներում արդյունաբերական գործունեություն ծավալելու համար յուրաքանչյուր տնտեսվարող կնշանակի պատասխանատու, որը կլինի կորոնավիրուսի համավարակի տարածման հետ կապված բոլոր խնդիրների պատասխանատուն կոնկրետ այդ գործարանում կամ ընկերությունում։
Նշվեց նաև, որ մայիսի 4-ից քաղաքացիներից այլևս չի պահանջվի տնից դուրս գալ տեղաշարժման թերթիկով։


