Վրաստանի իշխանությունները Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) հետաքննության ավարտից հետո կհրապարակեն էլեկտրաէներգիայի երեք խոշորամասշտաբ անջատումների պատճառների մասին մանրամասն տեղեկություն։ Այս մասին հայտնել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, տեղեկացնում է Новости-Грузия-ն։

 

Նա, մասնավորապես, ասել է. «Առաջին երկու դեպքերն ունեցել են կոնկրետ պատճառ, որի վերաբերյալ մենք ունենք ամբողջական տեղեկատվություն։ Սակայն դուք գիտեք, որ այս առնչությամբ ՊԱԾ-ում հետաքննություն է ընթանում, և մանրամասն տեղեկությունը մենք հանրությանը կներկայացնենք ավելի ուշ, քանի որ որոշ մանրամասներ պահանջում են լրացուցիչ ուսումնասիրություն»։

Հուլիսի 25-ին ՊԱԾ-ը հարուցել է քրեական գործ՝ դիվերսիայի մասին հոդվածով։ Այդպիսով, գերատեսչությունում չեն բացառել, որ ռազմավարական ենթակառուցվածքի վնասումը կարող էր լինել դիտավորյալ՝ ուղղված պետական շահերի դեմ։ Միևնույն ժամանակ, Կոբախիձեն կոչ է արել չանել վաղաժամ եզրակացություններ։

«Հնարավոր է, որ ընդհանրապես խոսքը սաբոտաժի մասին չէ», — նշել է վարչապետը։

Նա ընդգծել է, որ, չնայած տեղի ունեցած վթարներին, երկրի էներգահամակարգը մնում է կայուն, և իշխանությունները մտադիր են ձեռնարկել դրա անխափան աշխատանքի համար անհրաժեշտ միջոցները։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի երեք խոշոր անջատում։ Վերջինը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին Ինգուրի ՀԷԿ-ում պլանային փորձարկումների ժամանակ, որոնք անցկացնում էր «Վրաստանի պետական էլեկտրահամակարգը» (GSE)։ Փորձարկումները կազմակերպվել էին հուլիսի 24-ին և 25-ին տեղի ունեցած նախորդ երկու վթարների պատճառները պարզելու համար։

Բոլոր երեք միջադեպերի ընթացքում առանց էլեկտրականության էին մնացել Թբիլիսին և երկրի շրջանները։ Մայրաքաղաքում կանգնել էին մետրոն և ճոպանուղիները, խափանումներ էին առաջացել միջքաղաքային երկաթուղային հաղորդակցության, ջրամատակարարման և բջջային ինտերնետի աշխատանքում։

Վրաստանի էներգետիկայի կարգավորման ազգային հանձնաժողովը (GNERC) նախնականորեն հուլիսյան անջատումները կապել է երկրի էներգահամակարգի՝ ադրբեջանական ցանցից հանկարծակի անջատման հետ։