շաբաթ, օգոստոս 8
8 / 8 / 2026
Ալիևը նամակ է հղել Թրամփին. մանրամասներ

Ալիևը նամակ է հղել Թրամփին. մանրամասներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Նամակում, մասնավորապես, ասված է. ՛՛Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ

Նորին Գերազանցություն պարոն Դոնալդ Թրամփին

Մեծարգո պարոն Նախագահ,
 

Լրացավ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովի մեկ տարին, որը տեղի ունեցավ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ և հիմք դրեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը։

Մեկ տարի առաջ Դուք ստանձնեցիք պատմական պատասխանատու առաքելություն և ստեղծեցիք շրջադարձային պահ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման և Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործում։ Ձեր վճռականության և անսասան կամքի շնորհիվ հնարավոր դարձավ վերջնականապես ավարտել երեք տասնամյակ շարունակված հակամարտությունը և հիմք դնել մեր ժողովուրդների միջև հաշտեցման ու փոխադարձ գործընկերության նոր դարաշրջանին։

Ձեր ներկայությամբ Սպիտակ տանը մեր կողմից ստորագրված եռակողմ Համատեղ հռչակագիրը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ համատեղ դիմումը վճռորոշ դեր խաղացին տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման գործում և բացեցին նոր ու լուսավոր էջ՝ հետագա կայուն զարգացման և փոխշահավետ համագործակցության համար։ Ձեր խաղաղարար ջանքերի կարևոր արդյունքներից մեկն էր նաև TRIPP նախագիծը, որն ունի մեծ նշանակություն Հարավային Կովկասում բազմակողմ տնտեսական համագործակցության, տրանսպորտային կապերի զարգացման և անվտանգության ապահովման տեսանկյունից։ Եվս մեկ անգամ հայտնում եմ Ձեզ խորին երախտագիտություն տարածաշրջանում խաղաղության օրակարգը առաջ մղելու գործում ցուցաբերած ուժեղ առաջնորդության համար։

Այսօր ադրբեջանական հասարակությունն արդեն հարմարվում է տարածաշրջանում ձևավորված նոր իրականությանը և խաղաղության մթնոլորտին։ Անցած մեկ տարվա ընթացքում կարևոր աշխատանք է կատարվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Վերացվել են Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումները, սկսվել են Ադրբեջանից Հայաստան նավթամթերքների, ինչպես նաև երրորդ երկրներից հացահատիկի և այլ ապրանքների մատակարարումները՝ մեր երկրի տարածքով տարանցման միջոցով։ Մենք տեսնում ենք խաղաղության իրական տնտեսական, առևտրային և այլ առավելությունները և շարունակում ենք ջանքեր գործադրել դրա հետագա ամրապնդման, գործնական իրականացման և փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ։

Մեծարգո պարոն Նախագահ,

Անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումը կարևոր պատմական նշանակություն ունեցավ նաև ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերությունների համար։ Հենց այդ հանդիպման արդյունքներով մեր միջպետական հարաբերությունները բարձրացան ռազմավարական գործընկերության որակապես նոր մակարդակի։ Վեց ամիս անց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Ադրբեջան և այցի ընթացքում ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրումը, որը ներառում է փոխադարձ ներդրումները, առևտուրը, էներգետիկան, փոխկապակցվածությունը, տրանսպորտը, արհեստական բանականությունը և անվտանգությունը, ինչպես նաև վերջին մեկ տարվա ընթացքում բարձր և բարձրագույն մակարդակներով իրականացված շփումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները վկայում են կարճ ժամանակահատվածում մեր անցած հաջող ճանապարհի և այն կարևորության մասին, որ Դուք տալիս եք ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը՛՛։

Նամակում Ալիևն անդրադարձել է նաև ադրբեջանաամերիկյան հարաբերություններին, նշել, որ դրան մակարդակը հասել է դիվանագիտական կապերի 34-ամյա պատմության ընթացքում ամենաբարձր կետին։

Նա հավելել է, որ Ադրբեջանը հետագայում մտադիր է ընդլայնել և նոր բովանդակությամբ հարստացնել ԱՄՆ-ի հետ բարեկամության, փոխադարձ վստահության, հարգանքի և աջակցության վրա հիմնված հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը։

  • Կիսվել: