կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ՝ ռուսական ութ օդանավակայաններում

Թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ՝ ռուսական ութ օդանավակայաններում

Ռուսաստանի ութ օդանավակայաններում՝ Գելենջիկի, Կրասնոդարի, Կիրովի, Օրենբուրգի, Ուֆայի, Պերմի, Եկատերինբուրգի և Իժևսկի, ժամանակավորապես սահմանվել են օդանավերի ընդունման և բացթողման սահմանափակումներ։ Տեղեկությունը հայտնել են «Ռոսավիացիայից», փոխանցում են ռուսական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ սկզբում սահմանափակումներ էին մտցվել Գելենջիկի, Կիրովի (Պոբեդիլովո), Օրենբուրգի և Ուֆայի օդանավակայաններում։ «Ռոսավիացիայի» հաղորդմամբ՝ միջոցներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով։

Ավելի ուշ սահմանափակումներ կիրառվեցին նաև Պերմի («Բոլշոյե Սավինո»), Եկատերինբուրգի («Կոլցովո») և Իժևսկի օդանավակայաններում։

Հաղորդվում է նաև, որ Կրասնոդարի օդանավակայանում գործում են լրացուցիչ սահմանափակումներ․ գործող NOTAM-ի համաձայն՝ օդանավակայանը կանոնավոր չվերթներ ընդունում է միայն Մոսկվայի ժամանակով 09:00-ից մինչև 23:00-ն։

Միաժամանակ, Մոսկվայի ժամանակով 08:12-ին հանվել են «Դոմոդեդովո», «Վնուկովո» և Նիժնի Նովգորոդի օդանավակայաններում գործող սահմանափակումները։ Ավելի ուշ վերսկսվել է նաև Պենզայի և Սարատովի օդանավակայանների աշխատանքը։

Ավելի վաղ անօդաչու թռչող սարքերի հարձակումների ֆոնին թռիչքների սահմանափակումներ էին սահմանվել նաև Պենզայի, Սարատովի, Սամարայի, Ուլյանովսկի, Բուգուլմայի, Կազանի և Նիժնեկամսկի օդանավակայաններում։

  • Կիսվել: