Կանադայում հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 20 հազար մարդ
Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում արագ տարածվող անտառային հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 20 հազար բնակիչ: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։
Նշվում է, որ կրակը շարժվում է դեպի Օկանագան լճի ափին գտնվող բնակավայրերը և արդեն ոչնչացնում է տները։
Ամբողջությամբ տարհանվել է Սամերլենդ քաղաքը, որտեղ բնակվում է մոտ 12 հազար մարդ։ Սամերլենդի և հարևան Փիչլենդի ևս մոտ 8 հազար բնակիչ հրահանգ է ստացել դուրս գալ իրենց տներից։ Ոչնչացված շինությունների ճշգրիտ թիվը դեռևս չի հաստատվել։
Հիշեցնենք, որ Bald Range հրդեհը սկսվել է օգոստոսի 7-ի երեկոյան, սակայն ընդամենը մի քանի ժամվա ընթացքում հրդեհված տարածքը հասել է մոտ 50 քառակուսի կիլոմետրի։ Կրակը արագ անցել է մոտ 15 կիլոմետր դեպի Սամերլենդ՝ ընդգրկելով փոքր Ֆոլդեր համայնքը։



