երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երևանի թիվ 92 մանկապարտեզի նախաներառական խմբերը կվերականգնեն աշխատանքը

Երևանի թիվ 92 մանկապարտեզի նախաներառական խմբերը կվերականգնեն աշխատանքը

 Համակողմանի քննարկումների արդյունքում որոշվել է, որ Երևանի թիվ 92 մանկապարտեզում գործող երեք նախաներառական խմբերը մի քանի օրվա ընթացքում կվերականգնեն իրենց բնականոն աշխատանքը՝ ֆինանսավորվելով Երևանի համայնքային բյուջեից: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Երևան քաղաքի մյուս մանկապարտեզները ևս պատրաստ են ընդունելու հատուկ կարիքներ ունեցող բոլոր խմբերի երեխաներին: Քաղաքապետարանը հնարավորություն է ստեղծելու՝ համընդհանուր ներառականության սկզբունքը կիրառել համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզներում»,-ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի թիվ 92 մանկապարտեզում գործող երեք նախաներառական խմբերի փակման խնդրին էր անդրադարձել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա գրել էր․ «Հիմա ես չգիտեմ ով ինչի համար է մեղավոր և ի՞նչ նոր սողոմոնյան փիլիսոփայություն է դրված ֆինանսավորման նոր մոդելում, որ քաղաքապետարանն ու հասարակական որևէ կազմակերպություն չի «ֆայմել» դիմի նախարարությանը, բայց մեկ բան հստակ է` մանկապարտեզ հաճախող հատուկ կարիքներ ունեցող երեխաների հարցը պիտի լուծվի և վերջ:»

  • Կիսվել: