երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԵՄ չափանիշների համաձայն՝ Հայաստանում քովիդով պայմանավորված համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն

ԵՄ չափանիշների համաձայն՝ Հայաստանում քովիդով պայմանավորված համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն

Հայաստանում քովիդով պայմանավորված համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն, սակայն  Առողջապահության նախարարությունում այս պահին քննարկվում է նոր սահմանափակումներ կիրառելու հարցը: Այս մասին այսօր Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նրա խոսքով, որոշակի սահմանափակումների կիրառման նպատակն այն է, որպեսզի նախքան Օմիկրոն շտամի մեր երկիր ներթափանցելը միջոցառումներ ձեռնարկած լինեն դրա տարածումը կանխելու համար:

«Հաշվի առնելով եվրոպական երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում  բավականին բարձր հիվանդացության ցուցանիշները՝ Օմիկրոն շտամով պայմանավորված, մենք պետք է նաև մեր  զգոնությունը չթուլացնենք և պատրաստ լինենք, որպեսզի կարողանանք դիմակայել: Փորձը ցույց է տալիս, որ անհնարին է Օմիկրոնը չհայտնվի Հայաստանում»,- ասում է Աբովյանը: Նա հիշեցնում է, որ պետք է հաշվի առնել այս տեսակի տարածվածության տեմպերը՝ ի տարբերություն Դելտայի, այն անգամներ ավելի արագ է տարածվում: Կան երկրներ, որոնք նշում են,որ  Օմիկրոնի բերած ալիքի ժամանակ հիվանդացության ցուցանիշն ավելի բարձր է եղել, քան մյուսների դեպքում:

«Թեև  հոսպիտալացման դեպքերը շատ ավելի քիչ են, բայց վարակվածության դեպքերը բավականին բարձր են»,- ասում է Աբովյանը:

Մեզ հետ զրույցում նախարարության ներկայացուցիչը նաև հայտնեց, որ այս պահին մի քանի ռիսկեր են առկա, որոնք կարող են նպաստել վարակի տարածմանը:

Նա առանձնացնում է այն փաստը, որը տոնական օրերին շփումները սովորականից ավելի շատ են եղել: Ռոմելլա Աբովյանի կանխատեսմամբ երկու շաբաթ անց կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է աճել:

«Բացի դա, մի քանի օրից ուսումնական հաստատությունները կշարունակեն աշխատել և դա վարակի տարածման երկրորդ ռիսկն է: Երրորդ ռիսկն էլ,  ուսումնասիրելով միջազգային փորձը՝ Օմիկրոնի ներթափանցման դեպքում վարակվածության բարձր թիվը կլինի: Այս երրորդ ռիսկի կանխարգելման համար են քննարկվում նոր սահմանափակումները»,- նշում է Աբովյանը: Նա ընդգծում է, որ նախարարությունում չեն պատրաստվում սպասել, որ դեպքեր գրանցվեն նոր սահմանափակումներ կիրառեն, այլ, ի սկզբանե, կհետևեն այլ երկրների փորձին, և որոշակի սահմանափակումներ կհայտարարվեն:

Հիշեցնենք, որ այս պահին դեռևս Հայաստանում շրջանառվում է քովիդի Դելտա շտամը: Ինչ վերաբերում է մեր երկրում այժմ առկա իրավիճակին, որը նախարարությունում գնահատվում է կայուն, Ռոմելլա Աբովյանը ընդգծում է, որ թվերի նվազում է նկատվել: Ներկայացնելով վիճակագրությունը նա տեղեկացնում է, որ վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 1328 նոր դեպք, ինչը  դրան նախորդող  նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 54 տոկոսով: Նվազել է նաև թեստավորման դրական արդյունքների ցուցանիշը: Այն վերջին 14 օրվա ընթացքում կազմել է 1,7 տոկոս, նախորդ 14 օրերի 3,1 տոկոսի փոխարեն:

Վարակի վերարտադրության ցուցանիշն այս պահին 1-ից ցածր է՝ 0,9 տոկոս:

«Սակայն այստեղ պետք է նշել, որ դրան նախորդող 2 շաբաթվա ցուցանիշը 0,7տոկոս է կազմել, այսինքն մի փոքր այդ առումով  վարակի  տարածման տեմպերն ավելացել են»,- հայտնում է Աբովյանը:

Նրա տեղեկացմամբ, հիվանդացության թվերի նվազում ունենք նաև մանկապատանեկան տարիքային խմբի բնակչության շրջանում. օրինակ 3-5 տարիքայինների դեպքում 4,2 անգամ է նվազել, 6-17 տարեկանների դեպքում՝ 2,3 անգամ, իսկ 18-23 տարեկանների շրջանում՝ 2,54 անգամ:

«Եվ  կարող եմ արդեն նշել, որ մենք ըստ ԵՄ չափանիշների արդեն գտնվում ենք կանաչ գոտում»,- եզրափակեց Ռոմելլա Աբովյանը:

  • Կիսվել: