չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Դպրոցականների բասկետբոլի լիգա մարզական խաղերի եզրափակիչը՝ հունիսի 16-22-ը

Դպրոցականների բասկետբոլի լիգա մարզական խաղերի եզրափակիչը՝ հունիսի 16-22-ը

Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» խաղերի միջմարզային փուլը: Այն անցկացվում է 5–6-րդ և 7–9-րդ դասարանների թիմերի միջև՝ 6 մարզում, 6 ենթախմբով։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Միջմարզային փուլի մրցումները կանցկացվեն Արթիկ, Գավառ, Վանաձոր, Աշտարակ, Էջմիածին, Վայք համայնքներում և կտևեն մինչև մայիսի 30-ը:

Մրցումներին երկու տարիքային խմբերով մասնակցում են շուրջ 60 դպրոցների թիմեր՝ Երևանից և մարզերից։

Ըստ կանոնակարգի՝ խաղերն անցկացվում են 2 տարիքային խմբերով՝ 10-12 տարեկան (5-6-րդ դասարաններ) և 13-15 տարեկան (7-9-րդ դասարաններ) դպրոցականնների թիմերի միջև՝ 4 փուլով: Մինչև 50 աշակերտ ունեցող դպրոցներին հնարավորություն է ընձեռվել երեք դպրոցով մեկ միասնական թիմ ձևավորել:

Մրցաշարի եզրափակիչը կանցկացվի Երևանում հունիսի 16-22-ը՝ 16 թիմի միջև:

4-րդ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերը կպարգևատրվեն ԿԳՄՍՆ հավաստագրով, գավաթով, մեդալով և դրամական պարգևով:

1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվում է 4,000,000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով: Պարգևատրվում են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները պարգևատրվում են դրամական մրցանակներով՝ 1-ին տեղ (9 աշակերտ)՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ (9 աշակերտ)՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ (9 աշակերտ)՝ 75,000-ական դրամ:

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերն անցկացվում են դպրոցականների շրջանում բասկետբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզման և տաղանդավոր ու հեռանկարային մարզիկների հայտնաբերման նպատակով:

  • Կիսվել: