ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բուժական պուրակ՝ Հերոսների վերականգնողական քաղաքում

Բուժական պուրակ՝ Հերոսների վերականգնողական քաղաքում

Կեչի, մագնոլիա, բոխի, թխկի, գինկո, կակաչածառ և այսպես շուրջ 2 տասնյակ ծառեր շուտով թթվածին, էսթետիկա և առողջ ու բուժիչ միջավայր կհաղորդեն ՀՀ  Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնում գտնվող Վարդան Ամալյանի անվան պուրակին։

Աշխատանքերի թեժ ընթացքի, պուրակի բուժական նշանակության և այն իրականություն դարձնելուն  ուղղված ֆոնդհայթայթման մասին Zarkerak.am-ը զրուցել է «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնի հիմնադիր Սուրեն Հակոբյանի հետ։

Սուրեն Հակոբյանը

Սուրեն Հակոբյանի խոսքով` Վարդան Ամալյանի պուրակի ստեղծման ընթացքը մեկնարկել  է  կենտրոնի հիմնադրմանը զուգահեռ․ «Անցած տարի փոքրիկ՝ 30 տոկոսանոց հատվածում ծառեր տնկեցինք, հողի լիցք արեցինք, այս տարի  արդեն ամբողջ պուրակը՝ 3000-ից ավելի  քառակուսի մետր տարածք   հողային լիցք է արվել, ոռոգման ջրի խողովակներ են անցկացվել և հողի  մշակում է տեղի ունեցել»։ Նրա խոսքով, սպասվում են պուրակի ընդլայնման աշխատանքներ՝ ներառյալ խոտի ծածկի ապահովում, բույսերի, ծառերի ձեռքբերում։  

Սուրեն Հակոբյանը վստահեցնում է՝ պուրակը կենտրոնին միայն էսթետիկա չէ, որ պարգևելու է․ «Լուսանկարներից պարզ է դառնում, որ սա ինքնանպատակ այգի չէ, այլ բուժական վայր է։ Մենք այնտեղ ունենալու ենք փոքրիկ տաղավարներ, որտեղ իրականացվելու են  բացօթյա թերապիաներ մինչև խոր աշուն։ Ձմռանը տարածքը ապակիներով  կփակենք՝ շարունակելով թերապիաները»։

Կենտրոնի հիմնադրի խոսքով,  պուրակի ստեղծմամբ առաջին հերթին բարձրացվում է  կենտրոնի թողունակությունը․ «Այսինքն՝  հնարավորություն ենք ստեղծում միաժամանակ բուժում ստանալ ավելի մեծ թվով մարդկանց և երկրորդը, Հայաստանում ներդնում ենք եվրոպական  հոգեբանությունը, որի մեթոդներից մեկն էլ թերապիաները բնության գրկում անցկացնելն է»։

Բնությունը՝ որպես հոգեբանական խնդիրների լուծմանն ուղղված բուժական մեխանիզմի կիրառման հաջորդ կարևոր քայլն էլ պուրակի տարածքում ներառվող հոգեկան առողջության ջրվեժի կառուցումն է․  «Այն պուրակի անբաժան մասն է,  ջրվեժն էլ մի քանի ֆունկցիաներ ունի։  Ջրվեժի առաջին նպատակը բուժական է, մենք այստեղ  ջրային թերապիաներ ենք իրականացնելու, ձայնային բուժում»։

Սուրեն Հակոբյանը նշում է ՝ ջրվեժի տարածքը, որտեղ թերապիաներ են իրականացվելու բավականին մեծ է․ «Ամռան շոգին թերապիաները կանցկացվեն  բացօթյա պայմաններում, ձմռանը կմտածենք տարածքը տաքացնելու և փակելու մասին»։

Այսպիսով՝ պուրակի ստեղծմամբ և լիարժեք գործարկմամբ Հայաստանը ավելի է մոտենում հոգեբանության միջազգային պրակտիկայում կիրառվող բուժական մեթոդներին․ «Համաձայն միջազգային հետազոտությունների՝ բնության գրկում հոգեբանական թերապիաները  70 տոկոս և ավելի արդյունավետություն են ունենում։ Այս ամենով նպաստում  ենք, որ կենտրոնի շահառուները դուրս գան զուտ սենյակային բուժման պայմաններից և առավել արդյունավետ  բուժման տարբերակ ունենանք»,- նշում է Հակոբյանը։

Հակոբյանի խոսքով՝ կան մոտավոր հաշվարկներ, թե ամսական միջինում քանի շահառու  կկարողանա օգտվել բուժական պուրակից․ «Պուրակի պարագայում այս  թիվը 30-35-է, նույնքան շահառու էլ կկարողանա օգտվել ջրվեժի տարածքից։  Այսինքն՝ միջինացված թողունակությունը  կազմելու է ամսական  մոտ 50 անձ»։ 

Սուրեն Հակոբյանը առանձնահատուկ ուշադրություն է հրավիրում պուրակի համար նախտեսված ծառերի ընտրությանը․«Առաջին հերթին ընտրվում են թթվածնով հարուստ ծառեր,  որպեսզի տարածքը կարողանա թթվածնային հագեցվածություն ունենալ։ Նաև ընտրվում են ծառեր, որոնք կարող են տեղանքի բնակլիմայական պայմաններին դիմանալ։ Կարևորվում է դրանց մշտադալար լինելը, որպեսզի ձմռան շրջանում իրենց տեսքը հնարավորինս չկորցնեն։  Կան նաև ծառերի տեսակներ,որոնք  դեկորատիվ բնույթ են կրում՝ զուտ դիզայն ապահովելու համար»։  

«Պուրակի մեջ է մտնելու նաև ձմեռային այգի, որտեղ  փորձելու ենք էկզոտիկ թռչուններով թերապիաներ իրականացնել, կերակրման պրոցես է  տեղի ունենալու»,- նշում է մեր զրուցակիցը։

Այս հավակնոտ ու կարևոր պլանները իրագործելիս կենտրոնին օգնում են ոչ միայն գործընկերները, այլ նաև կազմակերպվող  դրամահավաքներին մասնակցություն ցուցաբերող  անձինք․ «Ներկայումս ֆոնդհայթայթման համար շատ չնչին գումար ենք սահմանել։ Այս պահին  շատ ապրանքներ կարողանում ենք ձեռք բերել տեղի արտադրողների միջոցով։ Կոտայքի մարզպետարանի շնորհիվ արդեն հողային լիցք է կատարվել, մեկ այլ ընկերության կողմից  ոռոման ջրի խողովակներ են տեղադրվել։ Կան ընկերություններ, որոնք կաթիլային  համակարգի տեղադրմամբ են մեզ աջակցել»։

Սուրեն Հակոբյանն ընդգծում է, որ ֆոնդհայթայթմամբ փորձելու են ապահովել ծառերի որոշ մասի ձեռքբերումը, նաև պատրաստել նախատեսված տաղավարնեը․  «Մենք մեծ գումարների չենք ձգտում և ուրախ ենք, որ մեր ֆոնդի ներդրողները գրեթե նույն մարդիկ են, ովքեր պարբերաբար  են ներդրումներ անում։Իհարկե ցանկալի կլինի, որ գումարը  շատ ավելի արագ հավաքվի, բայց, բարեբախտաբար, ժամկետի մեջ կարողանում ենք անհրաժեշտ գումարը հավաքել»։

Հակոբյանը նաև մոտավոր ժամկետներ է նշում, թե երբ  Վարդան Ամալյանի անվան պուրակը վերջնական տեսքի կբերվի՝ հյուրընկալելով շահառուներին․ «Եթե ֆոնդով նախատեսված գումարը կարողանանք արագ հավաքել,  կարծում եմ՝ աշնանը պուրակի գրեթե 80 տոկոսը պատրաստ կլինի։  Սեպտեմբերին բացվելու է ջրվեժը, մնացած աշխատանքների ընթացքը կախված է ոչ միայն ֆինանսական հարցերից, այլ նաև եղանակային պայմաններից»,- ամփոփում է Սուրեն Հակոբյանը։

  • Կիսվել: