Բաքվում կայացել է շիրակցի 13 գերիների գործով կեղծ դատական հերթական նիստը․ Ժորա Մանուկյանի ցուցմունքը
Բաքվում շարունակվում է 13 հայ գերիների գործով դատական գործընթացը, որոնք մեղադրվում են ահաբեկչական գործողությունների և այլ հանցագործությունների մեջ։ Այդ մասին հայտնում է Apa գործակալությունը։ Մեղադրյալի աթոռին են գերիներ Հայկազ Հովհաննիսյանը, Վարազդատ Մանուկյանը, Դավիթ Ստեփանյանը, Լևոն Թոսունյանը, Արթուր Բաղդասարյանը, Սերոբ Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Մանուկյանը, Հրայր Հերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Աշոտ Գևորգյանը և Մարտին Աղրամանյանը։
Հուլիսի 2-ի նիստին հայ գերիները ցուցմունք են տվել։ Hetq-ի փոխանցմամբ՝ Ժորա Մանուկյանը հայտարարել է, որ նախորդ տարվա նոյեմբերին զինկոմիսարիատից ինքը ծանուցագիր է ստացել։
«Ես գնացի զինկոմիսարիատ, այնտեղ ինձ զենք տվեցին և 120 փամփուշտ։ Մեզ ասացին, որ պետք է պաշտպանենք Հայաստանի սահմանը։ Մենք մեկնեցինք ավտոբուսներով, ինչ-որ տեղ հասանք գիշերը։ Առավոտյան իմացանք, որ Լաչինում (խմբ. Բերձոր) ենք։ Այնուհետ մենք անցանք խաղաղապահների մոտով։ Մեր հրամանատարը Արսեն Ղազարյանն էր։ Նա ասաց, որ որոշ ժամանակ անց կգա և մեզ կտանի այդտեղից։ Դեկտեմբերի 13-ին հրաման տվեցին իջնել ներքև։ Երբ մենք իջանք, մեզ ձերբակալեցին ադրբեջանցի զինծառայողները։ Մենք հանձնվեցինք՝ տալով մեր զենքերը»,- նշել է Ժորա Մանուկյանը։
Դավիթ Ստեփանյանը ևս նույն ցուցմունքն է տվել։ Պատասխանելով դատախազի հարցերին՝ նա նշել է, որ Բերձոր են ժամանել նոյեմբերի 27-ին։ Գերիներից Արթուր Բաղդասարյանն էլ հայտարարել է, որ չի իմացել նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի մասին։ Գերիների մի մասը հայտարարել է, որ պատերազմի ժամանակ եղել են Ջաբրայիլի ուղղությամբ, ավելի ուշ վերադարձել Հայաստան։
Ավելի վաղ, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Պետական անվտանգության ծառայության գլխավոր քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ 2020 թվականի դեկտեմբերի 13-ին, Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում, հայ ռազմագերիների գերեվարման կապակցությամբ, որոնք մեղադրվում էին, իբր, նոյեմբերի 9-ի միացյալ հայտարարությունից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներ ներթափանցելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նրանք պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել այնտեղ։