ուրբաթ, մայիս 2
2 / 5 / 2025
Բլոգեր Լափշինը պատմել է, թե ինչպես է ANCA-ի պատճառով տապալվել իր և երկու հայ նախկին ռազմագերիների ելույթը ԱՄՆ-ում, որի ժամանակ պետք է բարձրացվեր Բաքվում գտնվող հայերի հարցը

Բլոգեր Լափշինը պատմել է, թե ինչպես է ANCA-ի պատճառով տապալվել իր և երկու հայ նախկին ռազմագերիների ելույթը ԱՄՆ-ում, որի ժամանակ պետք է բարձրացվեր Բաքվում գտնվող հայերի հարցը

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լափշինը պատմել է, թե ինչպես Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի պատճառով տապալվեց իր և երկու հայ նախկին ռազմագերիների այցը Վաշինգտոն և նրանց ելույթը Կոնգրեսում, որի ժամանակ նրանք պետք է պատմեին այլազգիների և գերիների նկատմամբ Բաքվի բանտերում անմարդկային վերաբերմունքի մասին։

Ըստ Լափշինի՝ դեռևս 2024 թվականին ԱՄՆ իր այցի շրջանակներում նա հանդիպումներ է ունեցել Կոնգրեսում, որոնց ժամանակ բարձրացրել է Բաքվի բանտում գտնվող հայ գերիների իրավունքների պաշտպանության հարցերը։

Այդ հանդիպումների ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ նա Մարդու իրավունքների հանձնաժողովում հաջորդ տարի կայանալիք լսումների ժամանակ կներկայացնի իր սեփական պատմությունը Բաքվի բանտում անցկացրած տառապալի օրերի մասին և այդպիսով նորից կբարձրաձայնի Բաքվում գտնվող հայ գերիների իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին։

Նրան տեղեկացրել են, որ հանձնաժողովի նիստին հրավիրված են լինելու նաև երկու հայ նախկին ռազմագերի, և նրանք ևս պետք է պատմեն Բաքվի բանտի սարսափների մասին։ Այս ամենը, ըստ Լափշինի, մեծ ուշադրություն կհրավիրեր այսօր Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և այլ գերիների ճակատագրի վրա։

Սակայն լսումներից մի քանի օր առաջ Կոնգրեսից կապվում են բլոգերի հետ և ասում, որ նրա և երկու նախկին հայ ռազմագերիների այցը ԱՄՆ չեղարկվում է։

Ինչպես հայտնում է Լափշինը՝ հարցումներից պարզ է դառնում, որ նրանց այցին դեմ է եղել Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն, որովհետև կազմակերպության նպատակն է սևեռել կոնգրեսականների ուշադրությունը միայն Բաքվում գտնվող Ռուբեն Վարդանյանի անձի վրա, և, ըստ կազմակերպության անդամների, Լափշինի և նախկին հայ գերիների ելույթները կշեղեն լսումների մասնակիցների ուշադրությունը Վարդանյանի անձից։

Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի նման վարքագիծը ապշեցրել է ոչ միայն Լափշինին, այլև նրա հետ կոնտակտի մեջ եղած ամերիկացի կոնգրեսականներին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: