Այս տարվա առաջին ութ ամիսներին ավտովթարի հետևանքով 205 մարդ է մահացել․ պատգամավորը կտրուկ քայլերի անհրաժեշտություն է տեսնում
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ակնկալում է, որ Ներքին գործերի նախարարությունը և ոստիկանությունը միջոցներ կձեռնարկեն ճանապարհներին տեղի ունեցող ավտովթարների աճը կանխելու համար։ Գեղամ Նազարյանն այս մասին ասաց Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ՝ ներկայացնելով ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների պաշտոնական վիճակագրությունը։
«Շատ լավ կլիներ, եթե ներքին գործերի նախարարությունն արմատական միջոցներ ձեռնարկեր ճանապարհներին տիրող ցեղասպանությունը դադարեցնելու համար։ Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանի ճանապարհներին, ողբերգություն է։
Պաշտոնական տեղեկության համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև օգոստոսի 31-ը տեղի է ունեցել մահվան և մարմնական վնասվածքների ելքով 2714 պատահար, որի հետևանքով 205 մարդ մահացել է, 3929-ը՝ վիրավորվել։ Սա սարսափելի թիվ է։ Այս թիվը ասելու ենք և անցնելու ենք գնա՞նք, թե՞ կտրուկ միջոցներ ենք ձեռնարկելու»,- ընդգծեց Նազարյանը։