կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ատելության մթնոլորտը ազդում է Դիանայի հոգեկան առողջության վրա և պետությունն էլ՝ ոչ մի կոպեկ չի աջակցել․ տրանսգենդեր կին Լիլիթ Մարտիրոսյան

Ատելության մթնոլորտը ազդում է Դիանայի հոգեկան առողջության վրա և պետությունն էլ՝ ոչ մի կոպեկ չի աջակցել․ տրանսգենդեր կին Լիլիթ Մարտիրոսյան

«Միանշանակ հերքում եմ, որ պետությունը ֆինանսավորել կամ աջակցել է Դիանային»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Իրավունքի կողմ ՀԿ-ի նախագահ, տրանսգենդեր կին Լիլիթ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով համացանցում վերջին օրերին լայն քննարկման արժանացած՝ տրանսգենդեր կին, նույն համայնքի անդամ Դիանա Ղզրոյանի՝ տրանս անձանց համար նախատեսված միջազգային գեղեցկության մրցույթին մասնակցությանը և տարածված տեսակետներին, թե տրանսգենդեր  կինն այս մրցույթին մասնակցում է պետական ուղղորդմամբ։

Նա նշեց, որ դեկտեմբերին Բրազիլիայում կայացող մրցույթը  տրանս անձանց համար նախատեսված միջազգային մրցույթ է, որն ամբողջ աշխարհից հրավիրում է  տրանս անձանց․ «Անգրագիտություն է ասել մի բան, որը չի համապատասխանում իրականությանը և սուտ է։  Միշտ հասարակությունը սիրում է, որ թեման շեղում է, ճիշտ ուղուց դուրս է գալիս՝  ոչ մի հստակ ու ճիշտ ինֆորմացիա չտալով, իսկ այդ ամեն ինչն ազդում է տրանս անձանց անվտանգության վրա։  Այս մի քանի օրվա ընթացքում  ես՝ որպես «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ հերքել եմ, որ Դիանան պետության աջակցությամբ է գնում, դա ազատ մրցույթ է, ցանկացած անձ կարող է մասնակցել  ու ավելին ասեմ՝ ոչ մի կոպեկ պետությունը չի աջակցել  տրանս անձանց և Դիանան էլ իր սեփական միջոցներով է գնում։ Այստեղ պետությունը ոչ մի միջամտություն չունի»,- նշեց Լիլիթը։

Լիլիթ Մարտիրոսյանի խոսքով՝ իրենց համայնքի համար կանխատեսելի էր, որ  տրանսգենդեր կնոջ շուրջ ատելության ալիք կբարձրանա․«Սպասում էինք բացասական արձագանքների, ատելության խոսքի, ուղղակի գոնե կորեկտության սահմանում։  Դիանայի անձնական տվյալներ  են  հրապարակվում,  ընտաինքի վերաբերյալ անձնական տվյալներ էլ են  հրապարակվում, դա ավելի է սրում  ատելության մթնոլորտը ու սա ազդում է Դիանայի հոգեկան առողջության  որակի վրա։ Ոչ մի անօրինական բան չի արվել, ուղղակի մրցույթ է, եթե  սա տեղի ունենար հետերոսեքսուալ կնոջ կամ տղամարդու հետ, ոչ մի բան չէր լինի, բայց ինչը կապված է տրանս անձանց հետ միանգամից տանում են քաղաքական դաշտ, շահարկում են ցանկացած իրադարձություն»,- նշեց նա։ Նաև հավելեց, որ հասարակական սուր արձագանքն ավելի է թիրախավորել տրանս անձանց։ 

Հարցին, թե ինչ սկզբունքով է որոշվել, որ հենց Դիանա Ղզրոյանը պետք է ներկայացնի Հայաստանը, նա նշեց․ «Կազմակերպիչների կայքում հայտը բաց է եղել,  Դիանան էլ լրացրել է հայտը, դիմել է ու անցել»։

  • Կիսվել: