շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արմավիրի մարզում բախվել են «յաշիկն» ու 02-ը. վերջինս վերածվել է մետաղե ջարդոնի, վիրավորը մահացել է հիվանդանոցում

Արմավիրի մարզում բախվել են «յաշիկն» ու 02-ը. վերջինս վերածվել է մետաղե ջարդոնի, վիրավորը մահացել է հիվանդանոցում

Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28 կմ հատվածում, բախվել են Mercedes G-500 մակնիշի 06 DD 006 համարանիշի և ՎԱԶ-2102 մակնիշի 35 FV 550 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը: Բախման հետևանքով 02-ը առջևի մասից կիսվել է, ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի: Մինչ հիվանդանոցում հետաքննիչ Ն. Պետրոսյանը պարզում էր վիրավորի ինքնությունը, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորը մահացել է: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանում հերթապահ քննիչը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Mercedes-ը Արմավիրից դեպի Երևան ընթանալիս է եղել, երբ 02-ը գազալցակայանից դուրս է եկել, փորձել է անցնել չթույլատրելի հատվածը, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ»: 

  • Կիսվել: