երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին

Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին

Այսօր առավոտյան լրագրող Գայանե Զարգարյանը հրապարակել է մի տեսանյութ, որում, ըստ լրագրողի, երևում էր՝ ինչպես են մի խումբ տղամարդիկ ծեծում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին։ Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա երկու ձերբակալված։ «Հետքի» տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը՝ Աբովյանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ, «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Նաիրի Հակոբյանն է։ 

«Հետքը» զրուցել է «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանի, Նաիրի Հակոբյանի հոր՝ Սամվել Հակոբյանի և Նաիրի Հակոբյանի պաշտպանի հետ։

Նշենք, որ «Միլոն Մայնինգ» ընկերությունը զբաղվում է Աբովյան քաղաքում և Առինջ գյուղում բազմաբնակարան բնակելի շենքերի շինարարությամբ։

Բաբկեն Հովակիմյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ավետ Կոնջորյանին իր հետ ծանոթացրել է Նաիրի Հակոբյանը։ Կոնջորյանն ու Հակոբյանն ընկերներ են եղել։

Հակոբյանը պատմել է, որ Հովակիմյանին առաջարկել է ընկերոջը՝ Կոնջորյանին նշանակել «Միլոն Ռիելթի» ՍՊԸ-ի տնօրեն, որը նախկինում եղել է անշարժ գույքի գործակալ։ Այս ընկերությունը զբաղվում էր «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի կառուցած բնակարանների վաճառքով։

«Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի իրավաբանը՝ Լավրենտ Հարությունյանը, պատմեց, որ «Միլոն Ռիելթի»-ի տնօրենի պաշտոնում նշանակվելուց մոտ երկու տարի անց, երբ եկել է բնակարանների վկայականները հանձնելու ժամանակը, պարզվել է, որ Կոնջորյանը գնորդների մի մասից ավել գումարներ է վերցրել, վաճառել է ավտոկայանատեղիներ, բայց այդ մասին տեղյակ չի պահել ընկերության սեփականատիրոջը։ Իրավաբանը դժվարացավ նշել, թե որքան վնաս է պատճառվել ընկերությանը, բայց ասաց, որ վստահաբար այդ գումարը գերազանցում է 100.000 ԱՄՆ դոլարը։

«Ավետ Կոնջորյանը զբաղվում էր բնակարանների վաճառքով։ Եղել են դեպքեր, որ եկել, խնդրել է զեղչեր անենք 1 քմ-ն 450.000 դրամի փոխարեն 430.000 դրամ հաշվենք, իսկ գնորդներից վերցրել է 440.000 դրամ։ Էդպես յուրաքանչյուր քմ-ի մեջ 10.000 դրամ է աշխատել։ Բացի դա, այն մարդկանցից, որոնք բնակարանները գնել էին տարաժամկետ վճարման պայմանով, վերցրել է կանխիկ գումարներ, որոնք մուտք չի արել ՍՊԸ-ի բանկային հաշվին»,- պատմում է Լավրենտ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ Կոնջորյանը կարծել է, որ կկարողանա այս փաստերը գաղտնի պահել, քանի որ ընկերությունը մի քանի շենք է կառուցում, և մինչև մի շենքի բնակարանները հանձնվեին գնորդներին, կկարողանար մյուս շենքի գնորդներից վերցնել գումարները և փոխանցել ընկերության հաշվին։

«Բայց հենց առաջին շենքի բնակարանների հանձնման ժամանակ բացահայտվեց։ Ու բացահայտողը Նաիրին էր։ Կարող եք ցանկացած աբովյանցու հարցնել, թե ինչպես էր ապրում Ավետը մինչև էստեղ աշխատելը ու էստեղ աշխատելուց հետո։ Իր համար ամեն ինչ արվել է»,- ասում է իրավաբանը։

Մեր տեղեկություններով՝ այս ամենը պարզելուց հետո Բաբկեն Հովակիմյանը հանդիպել է Հայկ Կոնջորյանի ու Ավետ Կոնջորյանի հետ։ Նա Հայկ Կոնջորյանին պատմել է եղբոր արարքների մասին, սակայն վերջինս չի ցանկացել լսել։ Նա Հովակիմյանին ասել է, որ որևէ կապ չի ցանկանում ունենալ այս պատմության հետ ու հեռացել է։

Հովակիմյանը պատմում է, որ Ավետ Կոնջորյանից գումար վերադարձնելու պահանջ չի ներկայացրել, միայն 2025 թ․–ին հեռացրել է աշխատանքից ու ասել, որ իրենց հետ այլևս գործ չունենա։

«Ես գերադասել եմ, որ էդ վնասները ես կրեմ, միայն թե էս հարցը փակվի, գնա»,- ասաց Հովակիմյանը։

Աշխատանքից հեռացվելուց հետո լարվել են Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հարաբերությունները։ Նաիրիի հայրը՝ Սամվել Հակոբյանը, պատմում է, որ Ավետ Կոնջորյանը ամիսներ շարունակ գիշերվա ուշ ժամերին մեքենայով եկել է իրենց բակ, հայհոյել ու սադրել Նաիրիին։

«Մեր ու որդուս տները դեմ դիմաց են։ Ես լսում էի՝ ինչպես է Ավետը գալիս մեքենայով բակ, հայհոյում։ Մի քանի անգամ ես եմ դուրս եկել, որ որդուս թույլ չտամ կռիվ անի։ Էս վերջին անգամն էլ տղաս տանը չի եղել, չորս թոռներս են տանը եղել, եկել է էլի հայհոյել, սպառնացել»,- պատմում է Սամվել Հակոբյանը։

Նաիրի Հակոբյանի պաշտպան Աբգար Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին դեռևս մեղադրանք չի առաջադրվել։

«Նաիրի Հակոբյանը այս պահին ձերբակալված է, մեղադրանք չի առաջադրվել։ Այլ տեղեկություն չեմ կարող փոխանցել»,- ասաց Պողոսյանը։

«Հետքն» ամիսներ առաջ գրել էր, որ «Միլոն մայնինգի» կառուցած շենքերից մեկում համատեղ սեփականության իրավունքով բնակարան են ձեռք բերել Հայկ Կոնջորյանի մայրը և քույրը։ Ըստ «Դատալեքս» տեղեկատվական հարթակի տվյալների՝ «Միլոն մայնինգը» պահանջում է լուծարել բնակարանի ձեռքբերման իրավունքի պայմանագիրը և վճարել տույժ՝ 926.000 դրամի չափով, քանի որ Արմինե և Օֆելյա Կոնջորյանները չեն կատարել պայմանգրով սահմանված վճարումները։

Այս ընկերությունից թաունհաուս էր ձեռք բերել նաև Հայկ Կոնջորյանը՝ ընկերության հայտարարածից ավելի էժան։ Այս մասին «Հետքը» գրել էր 2025 թվականի դեկտեմբերին։

Հիշեցնենք, որ Ավետ Կոնջորյանին 2010 թվականին մեղադրանք էր առաջադրվել խարդախության համար։ Նա դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չէր կիրառվել։ Ըստ դատավճռի, Կոնջորյանը մի քաղաքացուց 15.000 դոլար կանխավճար էր վերցրել բնակարան վաճառելու համար և հափշտակել էր գումարը։

Հակոբյանները մեզ տրամադրել են տեսանյութ, որում, ըստ իրենց, Ավետ Կոնջորյանը մեքենայով մոտենում է Նաիրի Հակոբյանի տանը և սեռական բնույթի հայհոյանքներ տալիս նրա ու ընտանիքի անդամների հասցեին։  

Մենք փորձեցինք կապ հաստատել Ավետ Կոնջորյանի հետ նրա տեսակետը լսելու համար, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

  • Կիսվել: