Ռուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով
Ռուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծման աշխատանքները՝ քաղաքում հումանիտար գործողություն իրականացնելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:
Նշվում է, որ նա ասել է, որ հումանիտար գործողությունը թույլ կտա բոլորին համոզվել, թե իրականում ու՛մ վերահսկողության տակ է գտնվում քաղաքը։
Ուշակովը հավելել է, որ Ռուսաստանն ունի եվրոպական անվտանգության վերաբերյալ նոր առաջարկներ։ Նա միևնույն ժամանակ Ուկրաինա եվրոպական զորախումբ ուղարկելու առաջարկները նա որակել է որպես «անվերջ պատերազմի բաղադրատոմս»։
ՌԴ պաշտոնյայի խոսքով՝ ներկայումս համաձայնեցվում են ռազմագերիների ամենախոշոր փոխանակման պարամետրերը։
Անդրադառնալով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը՝ Ուշակովն ասել է, որ կողմերը քննարկել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու պահվածքն ու Թրամփին ուղղված նրա «ողջույնները»։
Ըստ Ուշակովի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակեն քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող երկկողմ հանդիպմանը։
Բացի այդ, հավելել է նա, ակտիվորեն քննարկվում է Չինաստանում ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների եռակողմ հանդիպման բովանդակությունը։
Կրեմլը հույս ունի, որ Ուիթքոֆն ու Քուշները Պուտինի հետ հանդիպման ընթացքում ստացած ազդակները կփոխանցեն Զելենսկուն։



