Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
Թուրքական ռազմաօդային ուժերը պատրաստվում են ՆԱՏՕ-ի գործողության շրջանակում Բալթյան տարածաշրջանում օդային պարեկության առաքելություն իրականացնել, ինչի շրջանակում հինգ F-16 կործանիչներ և անձնակազմի 76 անդամներ շուտով կթռչեն Էստոնիա: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ ինքնաթիռները և դրանց անձնակազմը շարունակում են նախապատրաստվել կարևոր առաջադրանքի, որը տեղի է ունենում տարածաշրջանում Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության տարածման վտանգի վերաբերյալ մտահոգությունների աճի ֆոնին:
«Pars (Leopard) էսկադրիլիա» անվանումով հայտնի ստորաբաժանումն այժմ տեղակայված է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիրի բազայում: Այն կտեղակայվի Էստոնիայի Ամարի ավիաբազայում, որը չունի սեփական կործանիչները՝ ի տարբերություն Բալթյան մյուս երկրների՝ Լիտվայի և Լատվիայի: Անձնակազմերն Էստոնիայում կլինեն օգոստոսից մինչև նոյեմբեր՝ շուրջօրյա արագ արձագանքման տագնապի առաքելությունների համար՝ հետևելով օդային տարածքի խախտումներին:
Էսկադրիլիայի հրամանատար, փոխգնդապետ Օզդեմիրն ասել է, որ թուրքական առաքելությունը կդիտարկի օդային տարածքի խախտումներն ու կարձագանքի անհայտ թռչող սարքերին։
«Pars-ը էսկադրիլիա է, որը բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունն ինչպես ներքին, այնպես էլ միջազգային առաքելություններում։ Մենք վստահ ենք, որ այս խնդիրը կկատարենք լավագույնս և կներկայացնենք Թուրքիան Բալթյան երկնքում»,- հավելել է նա։
Բալթյան օդային ոստիկանության առաքելության շրջանակում երկնքի անվտանգությունն այստեղ ապահովում են ՆԱՏՕ-ի անդամ երկրները 2004 թվականից ի վեր, երբ Էստոնիան, Լատվիան և Լիտվան միացել են դաշինքին։
ՆԱՏՕ-ի անդամ երկրները, որոնք ունեն անհրաժեշտ կարողություններ, կամավոր կերպով մասնակցում են Բալթյան օդային ոստիկանության առաքելությանը, որի պատասխանատվությունը փոխվում է չորս ամիսը մեկ։



