Ուկրաինայի ԱԳ նախարարն Իրանին անվանել է «ռուսական ագրեսիայի հանցակից»
Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան արձագանքել է իրանցի գործընկերոջ հայտարարությանը՝ կապված Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման հետ:
Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ Սիբիգան Թեհրանին անվանել է «ռուսական ագրեսիայի հանցակից»:
«Իրանը իրավունք չունի իրեն զոհ ներկայացնելու, առավել ևս՝ իր սպառնալիքներն արդարացնելու ՄԱԿ-ի կանոնադրության վերաբերյալ անհեթեթ հղումներով»,-հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակումն անպատասխան չի մնա։



