Սուտ մատնություն իրականացրած իրանցի գործարարների գործողությունները չպետք է որևէ կերպ ստվերեն հայ-իրանական դարավոր բարեկամությունը. ԲՀԿ խոսնակ
Խարդախ և սուտ մատնություն իրականացրած իրանցի գործարարների գործողությունները չեն կարող և չպետք է որևէ կերպ ստվերեն հայ-իրանական դարավոր բարեկամությունը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մոտ տեղի ունեցած ակցիայի հիմնական նպատակը մեկն էր՝ բարձրաձայնել մեր խոր մտահոգությունը Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և հստակ ընդգծել, որ երկու խարդախ և սուտ մատնություն իրականացրած իրանցի գործարարների գործողությունները չեն կարող և չպետք է որևէ կերպ ստվերեն հայ-իրանական դարավոր բարեկամությունը։
Յուրաքանչյուր երկրում, ցավոք, կարող են հանդիպել անբարեխիղճ և խարդախ մարդիկ։ Սակայն անթույլատրելի է, երբ նման անձանց պատճառով վտանգվում են երկու բարեկամ ժողովուրդների միջև ձևավորված տնտեսական, մշակութային և մարդկային ամուր կապերը։
Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ իր գործունեությամբ նպաստել է հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը՝ մշտապես կարևորելով երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումն ու բարեկամության խորացումը։
Սա է մեր սկզբունքային դիրքորոշումը, որի շրջանակներում այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նամակը փոխանցեցինք Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Խալիլ Շիրղոլամիին՝ վստահ լինելով, որ հայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն կամ խարդախություն»։



