ուրբաթ, նոյեմբեր 27
27 / 11 / 2026
Ռուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. Կոպիրկին

Ռուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. Կոպիրկին

Ռուսաստանն ու Չինաստանը հանդես են գալիս Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օգտին, ինչը թույլ կտա ամբողջությամբ բացահայտել տարածաշրջանի տնտեսական և տարանցիկ ներուժը։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ելույթ ունենալով «Ռուս-չինական հարաբերությունները փոփոխվող աշխարհում. միասին հանուն խաղաղության և կայունության» միջազգային կլոր սեղանի ժամանակ։

Նրա խոսքով՝ ռուս-չինական փոխգործակցությունը միջազգային անվտանգության համակարգի առանցքային տարրերից մեկն է և գլոբալ հավասարակշռության պահպանման կարևորագույն գործոնը։

«Ռուսաստանն ու Չինաստանը համախոհների հետ միասին նպաստում են ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի կառուցմանը և Եվրասիայում հավասար ու անբաժանելի անվտանգության և համագործակցության տարածքի ձևավորմանը, որի մաս է կազմում նաև Հարավային Կովկասը»,- ասել է Կոպիրկինը։

Դիվանագետը նշել է, որ Մոսկվան և Պեկինը «խթանում են» Եվրասիական տնտեսական միության և չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համակցումը՝ պայմաններ ստեղծելով մայրցամաքի համատեղ տնտեսական զարգացման համար։

Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանն ամբողջությամբ աջակցում է ԱՏՏՀ-ում (Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն) Չինաստանի նախագահությանը և Պեկինի կողմից նախանշված ֆորումի աշխատանքի առաջնահերթություններին, որոնց թվում են բաց լինելը, նորարարությունները և փոխկապակցվածությունը։

Անդրադառնալով երկկողմ տնտեսական համագործակցությանը՝ Կոպիրկինն ընդգծել է, որ Ռուսաստանի և Չինաստանի տնտեսությունները օրգանապես լրացնում են միմյանց, իսկ երկրների միջև ապրանքաշրջանառությունը չորրորդ տարին անընդմեջ գերազանցում է 200 միլիարդ դոլարը։

Մոսկվան և Պեկինը ամրապնդում են տրանսպորտային կապերը, համատեղ յուրացնում են Հյուսիսային ծովային ուղին, իրականացնում են նախագծեր խաղաղ ատոմի ոլորտում, համագործակցում են տիեզերական ոլորտում և արբանյակային նավիգացիայի բնագավառում։ Ընդլայնվում է փոխգործակցությունը գյուղատնտեսության, գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտներում։

  • Կիսվել: