«Անհնար է կանգնեցնել». Իրանի ատոմային կազմակերպության ղեկավարն անդրադարձել է միջուկային տեխնոլոգիաների զարգացմանը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ անհնար է կանգնեցնել երկրում միջուկային տեխնոլոգիաների զարգացումը։
Նրա խոսքով՝ Թեհրանին միջուկային զենք ստեղծելու ձգտման մեջ մեղադրում են՝ Իրանի գիտական առաջընթացը զսպելու համար, հայտնում է Mehr-ը, փոխանցում է parstoday.ir-ը:
Էսլամին հինգշաբթի առավոտյան ելույթ է ունեցել Գիլան նահանգի Ռաշտ քաղաքում ճառագայթային մշակման կենտրոնի բացման արարողությանը։ Նա հայտնել է, որ կենտրոնի առաջին փուլի շինարարությունն ավարտվել է, և նախագիծը ներկայացրել որպես երկրում առաջատար տեխնոլոգիաների զարգացման մաս։
Էսլամիի խոսքով՝ այլ պետություններ դեմ են Իրանի գիտատեխնիկական զարգացմանը, քանի որ առաջատար տեխնոլոգիաներն ու գիտական ինքնուրույնությունը մեծացնում են երկրի հնարավորություններն ու ազդեցությունը։
Նա պնդել է, որ համաշխարհային տերությունները տասնամյակներ շարունակ փորձել են սահմանափակել անկախ պետությունների հասանելիությունը ժամանակակից տեխնոլոգիաներին, այդ թվում՝ ամերիկյան օրենքների և քաղաքական որոշումների միջոցով։ Որպես օրինակ՝ նա նշել է ԱՄՆ Կոնգրեսի՝ 1950 թվականի օրենսդրական նախաձեռնությունները։
Էսլամին նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահները նախկինում ևս դեմ են արտահայտվել Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Նա միջուկային տեխնոլոգիաները համարել է մարդկության կարևոր ձեռքբերում՝ ընդգծելով, որ դրանք պետք է կիրառել միջազգային հստակ նորմերին ու կանոններին համապատասխան։
Էսլամին քննադատել է համաշխարհային որոշ տերությունների մոտեցումն Իրանի միջուկային գործունեությանը։ Նրա խոսքով՝ բավարար փաստական հիմնավորումներ չունենալով՝ հակառակորդները փորձում են խոչընդոտել երկրի զարգացումը՝ մասնավորապես պնդելով, թե Թեհրանը մտադիր է միջուկային զենք ստեղծել։
Նրա գնահատմամբ՝ հետախուզական ծառայությունների և քաղաքական տարբեր ուժերի՝ վերջին տարիներին հրապարակած տեղեկությունները ծառայում են Իրանը զսպելու արշավներին։ Էսլամին ընդգծել է, որ երկրի զարգացումը հիմնվում է գիտելիքի, հետազոտությունների, տեխնոլոգիական հնարավորությունների և գիտական ներուժի վրա։
Նա միջուկային տեխնոլոգիաներն անվանել է նաև գիտական հեղինակության և ազգային բարեկեցության աղբյուր։ Նրա խոսքով՝ կազմակերպության աշխատանքի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ գիտական հետազոտությունների արդյունքները կարճ ժամանակում վերածվում են ապրանքների ու ծառայությունների։
Անդրադառնալով գյուղատնտեսության մեջ ճառագայթային տեխնոլոգիաների կիրառմանը՝ Էսլամին առաջնահերթ է համարել երկրի ներքին կարիքների բավարարումն ու ներմուծումից կախվածության նվազեցումը։ Նրա խոսքով՝ հայրենական արտադրության զարգացումը թույլ կտա ապահովել ներքին շուկան և ընդլայնել արտահանումը։



