Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է ՀԱՄԱՍ-ին սպառնացել է նոր գործողությամբ
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է լայնածավալ հարձակում սկսել Գազայի հատվածում և անկլավի բնակչության զգալի մասին կրկին տեղափոխել հարավ, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը կամավոր չզինաթափվի: Այս մասին տեղեկացնում է The Times of Israel-ը։
Աղբյուրը նկատում է, որ Կացի վերջնագիրը հնչել է Գազայի հատվածի վերականգնման ծրագիրն առաջ մղելու ուղղությամբ Սպիտակ տան և Խաղաղության խորհրդի ջանքերի ակտիվացման հետնապատկերին։
Կացը, մասնավորապես, նշել է. «Կա՛մ ՀԱՄԱՍ-ը կամավոր կզինաթափվի, իսկ Գազայի հատվածը կապառազմականացվի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին համապատասխան, կա՛մ Իսրայելի պաշտպանության բանակը կզինաթափի նրան՝ սկսելով «Գեդեոնի կառքը-2» գործողությունը։ Այն կներառի Գազայի մեկ միլիոն բնակիչների կրկին տեղափոխումը հարավ և տարածքի մաքրագործումը՝ Ռաֆահի ու Բեյթ Հանունի օրինակով»։
Նրա խոսքով՝ Իսրայելը նախկինի պես ունի ենթակառուցվածք, որը հնարավորություն է տալիս կազմակերպել Գազայի բնակիչների կամավոր մեկնումն անկլավի սահմաններից դուրս։
Աղբյուրը հիշեցրել է, որ հուլիսին ՀԱՄԱՍ-ը համաձայնել էր Խաղաղության խորհրդի առաջարկած զինաթափման ճանապարհային քարտեզին։ Այն նախատեսում է շարժման կողմից զենքի աստիճանական հանձնում՝ Գազայի հատվածից իսրայելական զորքերի դուրսբերմանը զուգահեռ։ Սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է այդ տարբերակը՝ հայտարարելով, որ ՀԱՄԱՍ-ը պետք է ամբողջությամբ զինաթափվի մինչև իսրայելական զորքերի դուրսբերման մեկնարկը։ Նա նաև խոչընդոտում է կառավարման մարմինների ծավալմանը, որոնք պետք է ապահովեն տարածքի անցումը ՀԱՄԱՍ-ի վերահսկողությունից նոր վարչակազմին։



