Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեին։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը։
Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման, առևտրաշրջանառության ծավալների ավելացման և ներդրումային կապերի զարգացման հնարավորությունները։
Անդրադառնալով համագործակցության հեռանկարներին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ առևտրաշրջանառության ներկայիս ծավալները դեռևս չեն արտացոլում երկու երկրների միջև առկա տնտեսական ներուժը։
Նախարարը կարևորել է գործարար շրջանակների միջև անմիջական կապերի զարգացումը, ինչպես նաև համատեղ արտադրական նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկկողմ տնտեսական օրակարգի առաջմղման և համագործակցության նոր հնարավորությունների բացահայտման ուղղությամբ աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը։



