Եվրոպաական 12 երկրներում ձերբակալվել է 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձ
Եվրոպական իրավապահ մարմինները կազմակերպված ֆինանսական հանցավորության դեմ պայքարի լայնածավալ գործողության շրջանակում ձերբակալել են 21 կասկածյալի։ Այս մասին տեղեկացնում է dpa-ն՝ վկայակոչելով Գերմանիայի կենտրոնական հատվածում գտնվող Թյուրինգիա դաշնային երկրամասի քրեական ոստիկանության վարչությանը։
Նշվում է, որ չորեքշաբթի խուզարկություններ են անցկացվել 12 երկրի ավելի քան 300 հասցեներում: Գործողության ընթացքում առգրավվել են բազմաթիվ փաստաթղթեր և տվյալների կրիչներ, խոշոր չափի կանխիկ գումար, ոսկերչական իրեր և շքեղ դասի ավտոմեքենաներ։ Միջոցառումներին մասնակցել են մի քանի երկրի ոստիկաններ, մաքսավորներ և դատախազներ։
Ինչպես հաղորդվում է՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է Գերմանիայի ամենաբնակեցված դաշնային երկրամասի՝ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի վրա, որտեղ մոտ 100 խուզարկություն է անցկացվել։
Գործողություններ են իրականացվել նաև Բելգիայում, Նիդերլանդներում, Ֆրանսիայում, Իտալիայում, Էստոնիայում և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում։ Ընդհանուր առմամբ դրանց ներգրավվել է իրավապահ մարմինների ավելի քան 3000 աշխատակից։
Քննության վարկածով՝ ձերբակալվածները հանցավոր կազմակերպության անդամներ են, որը խարդախ սխեմայի միջոցով առնվազն 120 միլիոն եվրո է լվացել։
Ենթադրվում է, որ այդ նպատակով Գերմանիայում գործել է առնվազն 22 կարճաժամկետ գործող կեղծ ընկերություն, որոնք հաշիվներ են ներկայացրել իրականում չմատուցված ծառայությունների դիմաց։
Նշվում է նաև, որ կասկածյալները մեղադրվում են առնվազն 18,9 միլիոն եվրոյի հարկերի վճարումից խուսափելու մեջ։



