ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արմավիրի մարզպետը ներկա է եղել 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը

Արմավիրի մարզպետը ներկա է եղել 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Վաղարշապատ համայնքի Զվարթնոց թաղամասում այսօր ներկա է եղել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը, որին հերոս հայորդու ծնողների և հարազատների հետ մասնակցել են նաև առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը և այլք։ Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:

Արարողության մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան պատերազմում զոհված հայորդիների անմար հիշատակը, ապա Էջմիածին քաղաքի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանի ձեռամբ տեղի է ունեցել նորաբաց հուշարձանի օծումը:

Ողջունելով հիշատակի միջոցառման մասնակիցներին և իր զորակցությունը հայտնելով Գրիգորյանների ընտանիքին՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը կարևորել է օրվա նշանակությունը և ընդգծել, որ Մխիթար Գրիգորյանի հարազատ բակում կանգնեցված խաչքարն այսուհետ ապահովելու է նրա հավերժ ներկայությունը:

«Մխիթարը և իր մարտական ընկերներն իրենց կյանքը զոհել են Մայր հողի կանչով՝ թողնելով հավերժության և փառքի ուղի: Իսկ մեզ պարտավորեցրել են մեր աշխատանքով և նվիրումով արժանի լինել իրենց գործած սխրանքներին»,- ամփոփելով իր խոսքը՝ ասել է մարզպետը:

Նշենք, որ Մխիթար Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

  • Կիսվել: