երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Ես քաղաքականություն մուտք եմ գործել՝ սատարելով իշխանափոխության օրակարգը, որը Փաշինյանը հետո դարձրեց Արցախի հանձնման օրակարգ. Գրիգորյան

Ես քաղաքականություն մուտք եմ գործել՝ սատարելով իշխանափոխության օրակարգը, որը Փաշինյանը հետո դարձրեց Արցախի հանձնման օրակարգ. Գրիգորյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում  անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում հնչեցրած հայտարարություններին: Նա դրանք որակեց որպես քաղաքական ճնշման և ընդդիմախոսներին լռեցնելու փորձ։

Մասնավորապես՝ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Գրիգորյանը հեղափոխության մեջ «փող չտեսնելուց» հետո դարձել է «սանասարական», պատգամավորը հակադարձեց, որ եթե իր նպատակը փող աշխատելը լիներ, ինքը կմնար իշխանական թիմում։ Գրիգորյանի խոսքով՝ Արցախում տեղի ունեցած ողբերգությունից հետո ինքը հնչեցրել է իր քաղաքական գնահատականը և դիրքորոշումը։ «Եթե ես իսկապես ուզենայի փող աշխատել, ես, վստահաբար, կմնայի այդ թիմում և իրենց նման փող կաշխատեի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ ընդգծելով, որ պատրաստ է հրաժարվել մանդատից, եթե իր քաղաքական գործունեության ընթացքում որևէ մեկը իրեն թեկուզ 10 դրամ է տվել քաղաքական գործունեության համար։

Գրիգորյանն անդրադարձավ նաև Փաշինյանի՝ իրեն ուղղված «կրքոտ հռետորի հետևից քաղաքականություն մտնելու» և «քոչարյանասերժական կլանի ներկայացուցիչ» դառնալու մասին հայտարարություններին։ Նրա խոսքով՝ Փաշինյանի այդ բնորոշումները բովանդակային պատասխան չեն պահանջում, իսկ ինքը քաղաքականություն է մտել իշխանափոխության օրակարգին աջակցելով, սակայն հետագայում Փաշինյանը այդ օրակարգը փոխել է։

«Ի՞նչ է ասում․ որ ես, այո՛, քաղաքականություն մուտք եմ գործել՝ սատարելով իշխանափոխության օրակարգը, և ճիշտ է ասում, բայց հետո ինքն այդ իշխանափոխության օրակարգի հետ ի՞նչ արեց․ դարձրեց Արցախի հանձնման օրակարգ, որն իմ օրակարգը չի եղել, և ես, բնականաբար, չէի կարող շարունակել այդ իշխանության մաս կազմել»,- նշեց պատգամավորը։

  • Կիսվել: