երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Առաջարկվում է արտակարգ իրավիճակներում զարգացող և քիչ զարգացած երկրների համար թանկարժեք դեղորայք ձեռք բերելու մեխանիզմ ստեղծել

Առաջարկվում է արտակարգ իրավիճակներում զարգացող և քիչ զարգացած երկրների համար թանկարժեք դեղորայք ձեռք բերելու մեխանիզմ ստեղծել

Արտակարգ իրավիճակների ժամանակ զարգացող և քիչ զարգացած երկրների համար թանկարժեք դեղորայք ձեռք բերելու մեխանիզմ է ստեղծվել: Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր խորհուրդը 2005-ին ընդունել է արձանագրություն, որն իրավական հիմք է տալիս ԱՀԿ անդամ երկրներին հատուկ հարկադրական լիցենզիաներ տրամադրել բացառապես մատչելի ջեներիկ դեղամիջոցների արտադրության և արտահանման համար այլ անդամ երկրներ, որոնք չեն կարողանում իրենց հիվանդների համար արտադրել բավարար դեղամիջոցներ:

Թեմային առնչվող հարցը՝ ««Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագիրը փոփոխող արձանագրության վավերացման մասին» օրինագիծը, Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 9-ի նիստին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը:

«Համաձայնագիրը քիչ զարգացած և զարգացող երկրների վրա է տարածվում, և այն դեպքում, երբ այդ երկրներն առնչվում են արտակարգ իրավիճակների, և իրենց արտադրական հնարավորությունները հնարավորություն չեն տալիս, որ, օրինակ, համաճարակային իրավիճակից բխող դեղեր արտադրեն և սպասարկեն ազգաբնակչությանը, այդ ԱՀԿ անդամ երկիրը հնարավորություն է ունենում դիմել մեկ այլ ԱՀԿ անդամ երկրի, իսկ այդ երկիրը (մենք խոսում ենք թանկարժեք դեղամիջոցների մասին) հարկադրական լիցենզիա է տրամադրում իր երկրի որևէ արտադրական հնարավորություն ունեցող ընկերությանը, որը պետք է արտադրի այդ դեղերը և տրամադրի դիմող երկրին:

Ինչո՞ւ է մտավոր սեփականության հետ առնչվում, որովհետև այդ դեղամիջոցները արտոնագրային դեղամիջոցներ են, արտոնագրվում են, և այդ իրավունքները պաշտպանվում են, որպես կանոն, 20 տարի: Իսկ այն դեպքերում, երբ այդ արտակարգ իրավիճակները ծագում են, հնարավոր է, որ այդ արտոնագրային ժամկետը դեռևս լրացած չլինի, այդ իսկ պատճառով ներդրված է հարկադրական լիցենզիաների այս մեխանիզմը»,- ասաց Սևակ Միքայելյանը:

Այս արձանագրությանը միացել է ԱՀԿ 111 երկիր, այդ թվում՝ ԵՄ-ն, Չինաստանը, Վրաստանը, ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր խորհրդի՝ 2023 թվականի որոշմամբ արձանագրության անդամ երկրների կողմից միանալու վերջանաժամկետ է սահմանված 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

  • Կիսվել: