ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հրայր Թովմասյանը Տիգրան Հակոբյանին հարց ուղղեց էթիկայի, բառապաշարի մասին, նա էլ հիշեցրեց քարոզարշավում ընդդիմադիրների խոսքերը

Հրայր Թովմասյանը Տիգրան Հակոբյանին հարց ուղղեց էթիկայի, բառապաշարի մասին, նա էլ հիշեցրեց քարոզարշավում ընդդիմադիրների խոսքերը

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել 20.06.2021թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման հարցը՝ 4 քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումի հիման վրա, գրում է aravot.am-ը:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին հարցրեց, թե ընտրությունների մասնակիցների ցուցակները 2018-ից հետո չե՞ն փոխվել: Ֆիդանյանը պատասխանեց, որ ընտրացուցակները զուտ էվոլյուցիայի արդյունքում են փոփոխվել՝ մահացածների դուրս գրում, 18 տարին լրացած անձանց ներգրավում:

Վարդեւանյանը հարցրեց՝ կոնկրետ քանի՞ անձի փոփոխություն է եղել 2018-ից 2021-ին, Ֆիդանյանը պատասխանեց, որ հիմա այդ թիվը չկա ձեռքի տակ, բայց պահոցում կլինի: Վարդեւանյանը հնչեցրեց իր թիվը՝ 116 հազար անձի մասին է խոսքը: Ընդ որում, սրա մեջ չեն մտնում 18 տարեկանները: Նա խոստացավ դատարանին փոխանցել այդ անձանց տվյալները՝ կրիչով:

Հաջորդ պատասխանողը ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն էր: ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հարցրեց՝ կարո՞ղ ենք ասել, որ այս ընտրապայքարը հռետորաբանության, կոշտ խոսքով, ագրեսիվ խոսքով էականորեն տարբերվել է մեր նախորդ ընտրություններից, եթե՝ այո, ինչո՞վ է դա բացատրվում: Տիգրան Հակոբյանը պատասխանեց, որ այո, տարբերվում է, հանձնաժողովի անդամների անձնական փորձը, դիտարկումները, մշտադիտարկումները, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը նույնպես դրա մասին փաստում են. «Պատճառները շատ են: Առաջինը կորոնավիրուսի եւ հետպատերազմյան հուզմունքային իրավիճակն է ՀՀ-ում, որն ինչ-որ չափով հասկանալի է:

Երկրորդը՝ 2018-ից խոսքի ազատության լիակատար հաստատումն է Հայաստանում: Ես դա ասում եմ որպես հանձնաժողովի անդամ, 2,5 տարի է՝ հանձնաժողովի նախագահ եմ, իշխանության հետ որեւէ առնչություն, որեւէ ցուցում, ճնշում, ուղղորդում չի եղել: Նույնը՝ բոլոր հեռարձակողների նկատմամբ:

Հայաստանի պատմության մեջ որեւէ անգամ չի եղել, որ հիմնական ԶԼՄ-ները՝ ամենաազդեցիկ հեռարձակողները, հեռուստաընկերությունները, ռադիոընկերությունները իշխանության, նրանց փոխկապակցված անձանց հետ կապի մեջ չգտնվեն: Շատ լավ հասկանում եք՝ ինչ եմ ասում:

Այս մի քանի գործոնը բերեց նրան, որ հռետորաբանությունը կոշտ էր: Հեռուստաընկերությունները միջոցն են, խողովակն են՝ այն չարության մթնոլորտի փոխանցումը հասարակության մի մասից մինչեւ մյուս մասն անելիս: Օրինակ, միտինգներ են, Բաղրամյան պողոտայի միտինգները, այդ կոշտ հռետորաբանությունը մի քանի ալիքով ցուցադրվում էր ժամերով եւ բնական է, որ դա փոխանցվում է հանրությանը»:

Տիգրան Հակոբյանն ընդունեց, որ նույն կոշտ հռետորաբանությունը եղել է նաեւ իշխանության կողմից, ու հանձնաժողովը տարբերություն չի դրել, թե ում շուրթերից է այն հնչել:

Հրայր Թովմասյանը հարցրեց հանրային ծառայողի էթիկայի կանոնների մասին: Տիգրան Հակոբյանն էլ տարավ-բերեց՝ որպես օրինակ նշեց. «Վատ բառերը, որ առաջ չկային, դառնում են նորմ, լեգիտիմացվում են, ինչը մեզ մոտ եղավ: Օրինակ, «բ. տ.», ամբողջ բառը չասեմ: Եթե դա լիներ Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Դանիայում, շատ կարճ ժամանակահատվածում կարգավորող մարմինը լիազորություն ուներ ու այդ արտահայտությունը կմտցներ արգելված արտահայտությունների ցանկ: Մեր մոտ այդ լիազորությունը չունենք, պետք է օրենքը արագ փոփոխենք: Դրա համար բազմաթիվ հարցեր լուծված չեն Հայաստանում»:

  • Կիսվել: