ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին. պատճառը հայտնի է
Եվրոպական միությունը կանչել է Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից Ռումինիայի օդային տարածքը խախտելու և Ուկրաինայում Լատվիայի պատվավոր հյուպատոսությանը վնաս հասցնելու կապակցությամբ, հայտնել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության խոսնակ Անուար Էլ Անունին, տեղեկացնում է DW-ն:
Նշվում է, որ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ Անունին նշել է, որ Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին փոխանցվել է «Եվրամիության կոշտ դիրքորոշման» մասին:
Եվրամիության ներկայացուցիչը նաև ռուսական անօդաչու սարքերի կողմից Ռումինիայի օդային տարածքը խախտելը որակել է որպես դիտավորություն։ Էլ-Անունին միջադեպը որակել է նաև որպես «լուրջ սրացում»՝ ընդգծելով, որ նման գործողությունները սպառնալիք են ԵՄ անդամ պետությունների քաղաքացիների անվտանգության, տարածաշրջանային կայունության և միջազգային խաղաղության համար՝ վերահաստատելով իր համերաշխությունը Ռումինիայի և Լատվիայի հետ։



