ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թագուհի Թովմասյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների դեսպանի հետ

Թագուհի Թովմասյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների դեսպանի հետ

Հայաստանի և Նիդերլանդների խորհրդարանների հարաբերությունների սերտացումը կարևոր է, պատրաստ եմ իմ լիազորությունների շրջանակում նպաստել այդ գործընթացին. այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունը:

Ներկայացնելով իր գլխավորած հանձնաժողովի գործունեության ոլորտները՝ Թագուհի Թովմասյանը նշել է, որ հատկապես պատերազմից հետո իր համար առաջնահերթ են սահմանամերձ համայնքների բնակիչների և արցախահայության իրավունքները, որոնք պարբերաբար ոտնահարվում են, և մարդիկ զրկվում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքից: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ պարբերաբար նամակներ է ուղարկում դեսպանություններին և միջազգային կառույցներին՝ ակնկալելով հրապարակային արձագանք այդ դեպքերի առնչությամբ: Նրա գնահատմամբ՝ վերջիններիս արձագանքը սթափեցնող է: Թագուհի Թովմասյանն ընդգծել է, որ մշտապես իր ուշադրության կենտրոնում են նաև զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցերը, որոնց հետ կապված՝ ոլորտում օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնում:

Կողմերը քննարկել են տարբեր ծրագրերի շրջանակում համագործակցության հնարավորությունները: Միջազգային աշխատանքային փորձի ուսումնասիրման տեսանկյունից Թագուհի Թովմասյանը կարեւորել է պատգամավորների, ԱԺ փորձագետների, ինչպես նաեւ լրագրողների համար փորձի փոխանակման ծրագրերը: Նա առանձնացրել է նաեւ սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագրերի կարեւորությունը:

Նիկո Սխերմերսն իր հերթին տեղեկացրել է, որ դեսպանությունը ծրագրային առաջնահերթություն տալիս է օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը: Դեսպանը մանրամասներ է ներկայացրել առաջիկայում նախատեսվող ծրագրերի ու դրանց իրականացման ընթացքի վերաբերյալ, ասված է ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչություն հաղորդագության մեջ։

 

  • Կիսվել: