կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իշխանությունն օգտվում է խաղամոլություն քարոզող ու տարածող ընկերությունների ծառայություններից․ Թովմասյան

Իշխանությունն օգտվում է խաղամոլություն քարոզող ու տարածող ընկերությունների ծառայություններից․ Թովմասյան

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ վատ ու տխուր թեմա բարձրացրեց՝ բանակում  խաղամոլության մասին: Այս մասին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Այնպիսի հպարտությամբ էր ասում՝ այո, մենք այդ խնդիրը պետք է վերացնենք: Բա վերացրեք: 5 տարվա ընթացքում խաղամոլությունը Հայաստանում մինչեւ 2018-ը 3 մլրդ դրամի շրջանառություն ուներ, այսօր այդ թիվը հասել է 5 տրլն-ի: Ո՞վ է պատասխանատուն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օգտվում է խաղամոլություն քարոզող ու տարածող ընկերությունների ծառայություններից: «Վիվարոյի» սեփականատերերի հետ ո՞ր պաշտոնյաներն էին Հունաստանի կղզիներում զվարճանում: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չէ՞ր, Նիկոլ Փաշինյանի աներորդի, պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չէ՞ր: Իրենք օգտվում են խաղամոլության բարիքներից ու հիմա ասում են՝ խաղամոլությունը զարգացել է, սպան դրա պատճառով ինքնասպան է եղել: Բա բարոյահոգեբանական իրավիճակը, բանակի ներսում մթնոլորտը վերականգնելու, իրավիճակին տիրապետելու ձեր, որպես իշխանություն, կարողությունն ո՞ւր մնաց: Բա ժամանակին բացահայտեք, փորձեք կանխել»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը խրոխտ պոկում էր կախիչներն ու ցնցուղները. «Այսինքն կախիչն ավելի կարեւոր է, քան զինվո՞րը: մեկ շաբաթում երեք զինվոր մահացավ, ոչ մի պաշտոնանկությունը, ոչ մի ներողություն: Ես չեմ հասկանում, որ հասարակական ցասումը, ՀԿ-ների ցասումը, որ նախկինում կար, հիմա ավելի   ընկճված են մարդիկ: Սեյրան Օհանյանի ժամանակ, մարդիկ դիակով գալիս էին Երեւան, ճանապարհ էին փակում, հիմա մարդիկ տանը նստած ողբում են, պահանջատեր չեն, սա շատ վատ բան է: Այ ապատիան կարող է շատ ավելի դաժան հետեւանքներ ունենալ»,-ասաց նա:

  • Կիսվել: