ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Խաչատրյանը դեռ շարունակում են բուժումը քաղաքացիական հիվանդանոցներում

Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Խաչատրյանը դեռ շարունակում են բուժումը քաղաքացիական հիվանդանոցներում

Մարտի 1-ի գործով անցնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և խոշոր չափերի վատնման մեջ մեղադրվող Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը դեռ շարունակում են բուժումը քաղաքացիական բուժհաստատություներում։ Այս մասին InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՔԿՀ մամուլի խոսնակ Նոնա Նանվիկյանը։

Ըստ նրա՝ Քոչարյանը և Խաչատրյանը կվերադառնան կալանավայր բուժումն ավարտելուց հետո։

Նշենք, սակայն, որ ոչ Քոչարյանի, ոչ Խաչատրյանի ներկայացուցիչները, ոչ Էրեբունի և Աստղիկ ԲԿ-ները, որտեղ բուժում են անցնում նրանք, հիվանդների առողջական վիճակի մասին տեղեկություն չեն տրամադրում։

Քոչարյանը դեռ անցյալ շաբաթ էր տեղափոխվել Նաիրի ԲԿ, այնտեղից էլ Էրեբունի ԲԿ՝ ճնշման տատանումների գանգատով։ Իսկ Գագիկ Խաչատրյանը շուրջ երեք ամիս է, ինչ գտնվում է Աստղիկ ԲԿ-ում և նրա գանգատների մասին որևէ տեղեկություն չկա։

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը 2019-ի հունիսի 25-ից կալանքի տակ է։

Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեջ: Մեղադրանքի դրվագներից մեկով` նախկին պաշտոնյայի ղեկավարած կառույցում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել: Մեկ այլ դրվագով էլ խախտումներ են հայտնաբերվել պետական գերատեսչության գույքի իրացման գործընթացում:

 

 

 

  • Կիսվել: