ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նախատեսվում է ստեղծել «Մայրաքաղաք Արտաշատ», «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցներ

Նախատեսվում է ստեղծել «Մայրաքաղաք Արտաշատ», «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցներ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է ստեղծել «Մայրաքաղաք Արտաշատ», «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցներ, գրում է «Հետքը»։

Այսօր նման նախագիծ է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկման ներկայացրել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ըստ նախագծի՝ կստեղծվեն Արարատի մարզի Լուսառատ համայնքում (5. 7576  հա) գտնվող «Մայրաքաղաք Արտաշատ» և Հնաբերդ համայնքի (12.72126 հա) գտնվող «Մայրաքաղաք Դվին» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային արգելոցները: Նախարարությունը ընդգծել է, որ դրանք հանդիսանում են հանրապետական նշանակության հուշարձաններ և ընդգրկված են պետական ցուցակում:

Արգելոցների պահպանման և շահագործման ծախսերն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

««Մայրաքաղաք Արտաշատ» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցների համար անհրաժեշտ տարածքները համարվում են պետական սեփականության պատմության և մշակույթի հողեր, որոնց վրա գտնվում են հանրապետական նշանակության հուշարձաններ, մասնավորապես՝ Արտաշատ մայրաքաղաքը (մ.թ.ա. II – մ. թ. IV դդ․.), որը կառուցել է Հայոց արքա Արտաշեսը մ.թ.ա. 180-170-ական թթ. և իր անունով անվանել Արտաշատ (հունարեն՝ Արտաքսատա) և Դվինը (Դվին (արաբ. Դաբիլ, հուն. Դուվիոս), հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին)»,- նախագծում նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Նախարարության փոխանցմամբ՝ արգելոցները ստեղծվելու են պատմական միջավայրի և հուշարձանների շուրջ, նպաստելու են զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին:

«Զբոսաշրջության կամ տուրիզմի ժամանակակից արդյունաբերությունը հանդիսանում է համաշխարհային տնտեսության ամենախոշոր, արդյունավետ և առավել դինամիկ զարգացող ճյուղերից մեկը: Շահութաբեր այս ոլորտի զարգացման աննախադեպ տեմպերն իրենց ուղղակի ազդեցությունն են թողնում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի համամասնական զարգացման վրա: Հայաստանը հանդիսանում է հարուստ զբոսաշրջային ներուժ ունեցող, սակայն միջազգային տուրիզմի շուկայում չափազանց համեստ տեղ գրավող պետություն»,- նախագծում նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

 

  • Կիսվել: