չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Հռոմում ավարտվել են Լիբանանի ու Իսրայելի՝ ԱՄՆ միջնորդությամբ անցկացվող բանակցությունները

Հռոմում ավարտվել են Լիբանանի ու Իսրայելի՝ ԱՄՆ միջնորդությամբ անցկացվող բանակցությունները

Լիբանանն ու Իսրայելը չորեքշաբթի Հռոմում ավարտել են բանակցությունները, որոնք ընթանում էին ԱՄՆ միջնորդությամբ: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, որը հայտարարել է, որ առաջընթաց է գրանցվել այն ծրագրի իրագործման հարցում, որը կարող է մի քանի օրվա ընթացքում հանգեցնել հարավային Լիբանանի որոշ շրջաններից իսրայելական զորքերի դուրսբերման մեկնարկին։

Նշվում է, որ երեքշաբթի և չորեքշաբթի օրերին երկու վաղեմի հակառակորդները դեսպանների մակարդակով բանակցություններ են վարել Հռոմում ԱՄՆ դեսպանատանը։ Դա դեմ առ դեմ բանակցությունների վեցերորդ փուլն էր մարտի 2-ին Իսրայելի և լիբանանյան «Հըզբոլլահ» զինված խմբավորման միջև սկսված նոր պատերազմից ի վեր, որը հրահրվել էր ավելի լայն տարածաշրջանային հակամարտությամբ։

ԱՄՆ միջնորդությամբ հունիսի 26-ին կնքված շրջանակային համաձայնագրի շրջանակում Լիբանանն ու Իսրայելը պայմանավորվել են իրականացնել «փորձնական գոտու» նախագիծը։ Այն նախատեսում է զինյալ խմբավորումների զինաթափում (ակնհայտորեն նկատի ունենալով «Հըզբոլլահին»), ինչպես նաև հարավում լիբանանյան զորքերի տեղակայում և լիբանանյան հողերը դեռևս բռնազավթված պահող իսրայելական ուժերի փուլային դուրսբերում։

Ամերիկացի պաշտոնյան երկօրյա բանակցությունները «արդյունավետ և դրական» է որակել՝ ասելով. «Մենք համաձայնեցրել ենք փորձնական գոտու ստեղծման գործընթացի կառուցվածքն ու ուղեցույց սկզբունքները, որոնք վերջնականապես կմշակվեն և կներդրվեն առաջիկա օրերին»:

Նա նաև հավելել է, որ բանակցությունները կանցնեն տեխնիկական փուլ՝ շրջանակային համաձայնագիրն կյանքի կոչելու և «Իսրայելի ու Լիբանանի միջև համապարփակ համաձայնության» հասնելու համար։

Աղբյուրը նշում է, որ իսրայելական զինվորականները բռնազավթում են այսպես կոչված «բուֆերային գոտին», որը ձգվում է մոտ 10 կմ դեպի Լիբանանի խորքը՝ իսրայելական ամբողջ սահմանի երկայնքով։ Իսրայելցի պաշտոնյաները հայտարարում են, որ այդ գոտին անհրաժեշտ է Իսրայելի հյուսիսային բնակավայրերը «Հեզբոլլահի» հարձակումներից պաշտպանելու համար։

Լիբանանը Իսրայելին կոչ է արել անհապաղ սկսել զորքերի դուրսբերումը, սակայն Իսրայելը հայտարարել է, որ իր ուժերը կմնան հարավային Լիբանանում այնքան ժամանակ, քանի դեռ «Հեզբոլլահը» զինված է։

Ուղիղ բանակցությունները շարունակվում են՝ չնայած պարբերական բնույթ կրող մահաբեր իսրայելական հարվածներին և «Հեզբոլլահի» կտրուկ առարկություններին։ Վերջինս մերժում է զինաթափումը և պնդում, որ միայն իր դաշնակից Իրանի կողմից գործադրվող ճնշումը կարող է ապահովել պատերազմի դադարեցումն ու իսրայելական զորքերի դուրսբերումը։

  • Կիսվել: