շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Միջազգային հանրությունը պետք է հստակ արձանագրի, որ ԼՂ-ում տեղի է ունեցել էթնիկ զտում. Խանդանյան

Միջազգային հանրությունը պետք է հստակ արձանագրի, որ ԼՂ-ում տեղի է ունեցել էթնիկ զտում. Խանդանյան

Հայաստանի իշխանությունների կարճաժամկետ խնդիրն է լուծել Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված անձանց սոցիալական հարցերը և 100 հազարից ավելի մարդկանց նորմալ ապրելու և Հայաստանում իրենց գործունեությունը ծավալելու համար պայմաններ ապահովել։

 Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք վերադառնան իրենց հայրենիք։

«Խնդիրները պետք է բաժանել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հարցերի։ Կարճաժամկետ մեր խնդիրն այն է, որպեսզի Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները լուծվեն և հարյուր հազարից ավելի մարդիկ նորմալ պայմաններ ունենան ապրելու և Հայաստանում իրենց գործունեությունը ծավալելու համար։ Իսկ միջազգային հանրությունը պետք է հստակ գնահատական տա տեղի ունեցածին. այն է, որ էթնիկ զտում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում: Պետք է արձանագրվեն դրանից բխող բոլոր հետևանքները»,- ասաց Խանդանյանը։

  • Կիսվել: