երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ես էլ եմ կարծում, որ Արցախ վերադարձն իրատեսական չի. Սարգիս Խանդանյան

Ես էլ եմ կարծում, որ Արցախ վերադարձն իրատեսական չի. Սարգիս Խանդանյան

Խաղաղության պայմանագրի ստորագրումը հակամարտությունը կարգավորելու համար գործողություն է. դրա նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն է, հետագայում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը և հարեւանությունը: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագրով Արցախի հարցը փակվում է:

«Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ իր հարեւաններից որեւէ մեկի նկատմամբ տարածքային պահանջներ չունի: «Խաղաղության պայմանագրում» դա եւս ամրագրվում է փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին սկզբունքով:

Ինչ վերաբերում է հումանիտար հարցերին, դրանք միշտ քննարկման ենթակա են տարբեր մակարդակներում: Մասնավորապես, ԼՂ-ի մեր հայրենակիցներին, դուք տեսնում եք, թե ինչ գործողություններ է ձեռնարկում Հայաստանի կառավարությունը»,- ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը:

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե իրատեսական չի համարում արցախցիների վերադարձի իրավունքի իրացումն այնպես, ինչպես դա պատկերացնում են Արցախի ղեկավարները, Խանդանյանն ասաց. «Շատ բարդ էր իրավունքների հարցը լուծել տարբեր պատճառներով: Ես եւս կարծում եմ, որ այս պայմաններում իրատեսական չէ արցախցիների վերադարձը: Ես չեմ կարծում, որ մենք հիմա այս պահին կարող ենք քննարկել այդ հարցը, այն էլ հրապարակային: Անվտանգության հարցն է ամենակարեւորը, որը դեռ լուծում չունի: Հայաստանի անվտանգությունն է դեռ շատ վտանգված, եւ այս պայմաններում խաղաղության պայմանագրի կնքումը Հայաստանի համար առաջնահերթություն է»:

  • Կիսվել: