Մենք շարունակելու ենք բոյկոտը, ԱԺ ոչ մի նիստի չենք մասնակցելու. Թագուհի Թովմասյան
Մենք շարունակելու ենք բոյկոտը խորհրդարանական ոչ մի նիստի չենք մասնակցելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ազատության հրապարակում լրագրողներին հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Շարունակելու ենք մեր գործողություններն Ազատության հրապարակում: Օրենսդիր աշխատանքի ժմանակավորապես դադար ենք վերցնում»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ այդ դեպքում խորհրդարանում իշխանություններին, այդ թվում վարչապետին հակադարձող էլ չի լինի, Թագուհի Թովմասյանն ասաց. «Մենք կհակադարձենք Ազատության հրապարակից, եւ եթե անհրաժեշտություն առաջանա, ցանկացած ժամանակ կարող ենք վերադառնալ խորհրդարան: Մենք ԱԺ պատգամավորի մանդատները վայր չենք դնում այդ նպատակով, ինչպես նաեւ այն նպառակով, որ հնարավոր իշխանափոխությունը անպայման լինելու է խորհրդարանի միջոցով եւ անհրաժեշտ են լինելու պատգամավորներ:
Պատգմավորական մանդատները վայր դնելով Ազգային ժողովը չի լուծարվում: Եթե այդպես լիներ, մենք այդ քայլը վաղուց արել էինք»:
Ինչ վերաբերում է նրան, որ Ազատության հրապարակում հիմնականում «Պատիվ ունեմ» խմբակցությունն է, ընդդիմադիր պատգամավորը վստահեցրեց, որ իրենց գործողությունները համաձայնեցված են «Հայաստան» խմբակցության հետ. «Երբեւէ չի եղել Հայաստանում խորհրդարանական ընդդիմություն, որ այսքան սինխրոն է աշխատում: Մենք իրար հետ համագործակցված ենք աշխատում: Սա պյքարի մեր հատվածն է, «Հայաստան» դաշինքը կիրականացնի իր մասը եւ ինչ-որ պահի մենք կմիանանք»: