ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հայաստանն ազատ համացանց ունեցող երկիր է. Freedom House

Հայաստանն ազատ համացանց ունեցող երկիր է. Freedom House

Հայաստանում համացանցը ազատ է, բայց առկա են տեղեկատվական դաշտի բևեռացում, քաղաքական ճնշումներ ու ապատեղեկատվություն: Freedom House-ը հրապարակել է «Ազատությունը համացանցում» 2024 թվականի տարեկան իր զեկույցը՝ աշխարհի երկրներում համացանցի ազատության մակարդակի վերաբերյալ, ուր անդրադարձ կա նաև Հայաստանին

Հայաստանի առցանց միջավայրը շարունակում է մնալ բաց և այդ առումով բարելավվել է անցած տարվա ընթացքում, քանի որ կառավարությունը չի արգելափակել կայքեր կամ սոցհարթակներ՝ հայտնում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր «Ազատությունը համացանցում. վստահության համար պայքարը առցանց տիրույթում» վերտառությամբ զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում։ Հրապարակումը, սակայն, մատնանշում է, որ այնուամենայնիվ, որոշ դեպքերում կառավարությունը բերման է ենթարկել մարդկանց՝ իշխանությանը քննադատող առցանց հրապարակումների համար, իսկ որոշները դարձել են լրտեսական ծրագրերի թիրախներ:

Freedom House-ի զեկույցում ընդգծվում է, որ 21-րդ դարի առողջ ժողովրդավարությունը չի կարող գործել առանց վստահելի առցանց միջավայրի, որտեղ գերիշխում է ազատ արտահայտման և բազմազան տեղեկատվության հասանելիությունը:

Այս տարի Freedom House-ն իր զեկույցում, որը ներառում է 2023 թվականի հունիսի 1-ից մինչ 2024 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը, կրկին դասել է Հայաստանն ազատ համացանց ունեցող երկրների շարքին: 2024 թվականի զեկույցում երկիրը առաջ է անցել երկու միավորով՝ ստանալով 74 միավոր անցյալ տարվա 72-ի դիմաց: Հայաստանի միավորները բարելավվել են, քանի որ վերոնշյալ ժամանակահատվածում սոցմեդիա հարթակները և միջազգային չափանիշներով բովանդակություն պարունակող կայքերը չեն արգելափակվել:

Դրա հետ մեկտեղ` Հայաստանին վերաբերող զեկույցում Freedom House-ն արձանագրել է իշխանության կողմից գրաքննության և թվային ոլորտի վերահսկման դեպք:

Ըստ զեկույցի՝ «առցանց տեղեկատվական դաշտը Հայաստանում բևեռացված է, ենթարկվում է քաղաքական ճնշման և լի է ապատեղեկատվությամբ: Որոշ առցանց լրատվամիջոցներում լրագրողներին արգելվում է շեղվել խմբագրական քաղաքականությունից, որը որոշ դեպքերում կապված է քաղաքական կուսակցությունների կամ ուժերի հետ: Բանավեճի տեղիք է տվել վարչապետ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի դերակատարությունը որպես «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր»:

Նշված ժամանակահատվածում, ըստ զեկույցի, չեն գրանցվել կայքերի կամ սոցիմեդիա հարթակների արգելափակման դեպքեր՝ ի տարբերություն նախորդ շրջանների: Միևնույն ժամանակ՝ զեկույցն առանձնացրել է 2024 թվականի մարտին կառավարությանը քննադատող փոդքասթի հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանավորման փաստը՝ խուլիգանության մեղադրանքով: Նրանք դատապարտվել են երկամսյա նախնական կալանքի՝ վարչապետ Փաշինյանին վիրավորող հրապարակումից հետո:

Զեկույցն անդրադառնում է նաև 2024 թվականի մայիսին «ՍիվիլՆեթի» բացահայտմանը, ըստ որի՝ «կառավարական ֆեյսբուքյան էջերը, այդ թվում՝ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի կողմից ղեկավարվող լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջը, կեղծ տեղեկություն է տարածել՝ նշելով, որ 2024 թվականի մայիսյան բողոքի ցույցերի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով քննադատում է Փաշինյանի կառավարությանը և Տավուշում սահմանամերձ գյուղերի փոխանցումը Ադրբեջանին, հանդիսանում է Կրեմլի գործակալ»։

Զեկույցում նշված է, որ 2023 թվականի դեկտեմբերին կառավարությունն ընդունեց ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թվականների հայեցակարգը և գործողությունների ծրագիրը, որոնց նպատակն է ուժեղացնել պետական և մասնավոր հատվածի կարողությունները այս ուղղությամբ և խթանել մեդիա գրագիտությունը:

  • Կիսվել: