ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Եթե դուք 2020-ի նոյեմբերին լինեիք իշխանություն՝ ի՞նչ կանեիք. Ռուբեն Ռուբինյանը`ընդդիմադիրներին

Եթե դուք 2020-ի նոյեմբերին լինեիք իշխանություն՝ ի՞նչ կանեիք. Ռուբեն Ռուբինյանը`ընդդիմադիրներին

Ասում եք, դուք փորձում եք չվիրավորել հանրային գիտակցությունը, թույլ տվեք չհամաձայնել և շարունակեմ հող հանձնելու-չհանձնելու թեման: Այս մասին այսօր ԱԺ նիստում իր ելույթի ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, հավելելով․

«Ի՞նչն է խնդիրը։ Խնդիրը բառիս բուն իմաստով հանրային գիտակցությունը վիրավորելու մեջ է, որովհետև հիմա կոնկրետ հարց եմ տալիս ձեզ, սիրելի ընդդիմադիր գործընկերներ՝ Սանասարը, Կովսականը, Քարվաճառը, Քաշաթաղը, Ակնան ձեզ համար ի՞նչ էին, ի՞նչ կարգավիճակ են ունեցել մեզ համար: Մեզ ասելով ՝ նկատի ունեմ հայերիս, ՀՀ-ի, ՀՀ-ի ղեկավարների համար»։

Ըստ նրա, արձանագրված փաստ է, որ ՀՀ իշխանությունները՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին բանակցել են նշված 7 շրջաններն Ադրբեջանին հանձնելու շուրջ:

«Բնականաբար ոչ միայն դրա մասին են բանակցել: Այսինքն, դա եղել է տարբեր փաթեթների ու փուլերի կոմպոնենտ , բայց դա եղել է կոմպոնենտ: Եվ հաշվի առնելով այս հանգամանքը, երբ որ ձեզնից շատերն ասում են՝ դուք հանձնել եք հայրենիքի 75 տոկոսը, կամ դուք հանձնել եք Արցախի 75 տոկոսը, հարց է առաջանում՝ արդյոք դա նշանակում է, որ դուք դա համարում եք կոնկրետ Արցախի մաս, կամ հայրենիքի մաս։ Տրամաբանորեն դա է նշանակում  և, եթե տրամաբանորեն դա է նշանակում, ինչպե՞ս են՝ պարոն Մինասյան, Ձեր կոալիցիոն գործընկերներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը բանակցել հայրենիքի որոշակի տոկոս հանձնելու շուրջ,արդյո՞ք դա նշանակում է, որ իրենք պոտենցիալ հողատու էին»։ 

Ռուբինյանը շարունակելով թեման հայտնեց, որ ամբողջ խնդիրն այստեղ է, և ի վերջո պետք է կողմնորոշվել, թե «օրինակ Սերժ Սարգսյանը 2011 թվականին, եթե հաջողեր ու եթե Ադրբեջանը ստորագրեր Կազանյան փաստաթուղթը, և, եթե այդ թվում Կովսականը հանձնվեր Ադրբեջանին, արդյո՞ք այն տարածքները, որոնք պատերազմի արդյունքում անցան Ադրբեջանին՝ չէին անցնի վերջինին, անցնելու էին, չէ՞»:

Այնուհետև, Ռուբինյանն անդրադարձավ Նոյեմբերի 9-ի հայտարարությանը.

«Նույն քաղաքական ուժի ներկայացուցիչներից մեկն ասում է՝ «ինչո՞ւ, այ հողատուներ, ստորագրեցիք նոյեմբերի 9-ի հայտարարությունը և հանձնեցիք Արցախի 75 տոկոսը, որի հանձնելու շուրջ փաստորեն բանակցել են այդ նույն մարդու քաղաքական ղեկավարները։ Նույն քաղաքական ուժի մեկ այլ ներկայացուցիչ ասում է՝ «ինչո՞ւ շուտ չէիք կանգնեցնում պատերազմը, պետք էր համաձայնվել համապատասխան ծրագրին, ըստ որի՝ պետք է նույն տարածքները հանձնվեին»,-շեշտեց ԱԺ փոխնախագահ Ռուբինյանն ու հավելեց, որ սա հանրային գիտակցության վիրավորում չէ՞:

«Մեր հանրությունն ուղղակի կուշտ է այս խոսակցություններից: Ինչքա՞ն կարելի է: Լավ, մենք պատրաստվում ենք 5 տարի ամեն թեմայի շուրջ՝ ԿԲ խորհրդի անդամի թեկնածության քննարկման, նախագահի թեկնածության քննարկման ժամանակ և այլն, անընդհատ գանք ու շոուներ անե՞նք»,- ասաց Ռուբինյանն ու հարցեր ուղղեց ընդդիմադիր կոլեգաներին, որի համար պահանջեց հստակ պատասխան տալ.

«Հարց 1. 7 շրջաններն ի՞նչ եք դուք համարել, ի՞նչ եք համարում, ինչո՞ւ են ձեր քաղաքական ուժերի ղեկավարները բանակցել նշյալ շրջանների հանձնման շուրջ:

Հարց 2. Եթե դուք, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, 2020 թվականի նոյեմբերին լինեիք իշխանություն՝ ի՞նչ կանեիք՝ հնարավորինս շուտ կստորագրեի՞ք նոյեմբերի 9-ի հայտարարությունը, երբեք չէի՞ք ստորագրի այդ հայտարարությունը, թե ի՞նչ»,- ասաց ԱԺ փոխնախագահն ու խնդրեց չպատասխանել, որ եթե դուք լինեիք իշխանություն՝ պատերազմ չէր լինի, կամ այլ բաներ չէին լինի:  Ապա, նա երկրորդ խնդրանքն ուղղեց ընդդիմադիր գործընկերներին, որ ժողովրդին ազատեն անիմաստ, անբովանդակ, ապագայի հետ որևէ կապ չունեցող, անցյալի մեջ խրված, ոչ մի տեղ չտանող խոսակցություններից և առաջարկեց խոսել ապագայից.

«Գոնե, եթե կռվում ենք, նույնիսկ եթե վիրավորում ենք իրար, եկեք, գոնե ապագայի մասին խոսակցությունների շրջանակներում դա անենք, որ գոնե շանս լինի, որ մի փոքր օգտակար գործողության գործակից կարելի է ստեղծել»,-  նշեց Ռուբինյանը:

  • Կիսվել: