Գեղարքունիքի մարզում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է, ամուսինը դեռևս գտնվում է հիվանդանոցում
Հոկտեմբերի 23-ին «Սևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Լուսինե Հ.-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 22-ին Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարից հետո։ Հիվանդանոց էր տեղափոխվել նաև Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Հենրիկ Խ.-ն։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվում է՝ ավտոմեքենան Հենրիկ Խ.-ն, թե Լուսինե Հ.-ն է վարել։ Քննչական բաժինն ունի օպերատիվ տեղեկություններ, որ այն վարել է Լուսինե Հ.-ն, ով Հենրիկ Խ.-ի հետ ավտոմեքենա վարել սովորելիս է եղել։ Այդ տեղեկությունը նաև քննչական բաժնի հանձնարարականով պարզում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի ծառայողները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորն ամուսիններ են։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 22-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Հենրիկ Խ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ կողաշրջված հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով վարորդը և ուղևորը, որոնց առաջինն օգնության էին հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել էին «Սևան» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել։
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Մուրադ Երվանդյանը և Կարեն Պողոսյանը:
Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է վիրավոր ուղևորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էին ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։



