կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի վերջին մանդատը օգտագործվեց կապիտուլյացիայի համար, իսկ Բաբայանին խաղից դուրս թողեցին. Արմեն Խաչատրյան

Արցախի վերջին մանդատը օգտագործվեց կապիտուլյացիայի համար, իսկ Բաբայանին խաղից դուրս թողեցին. Արմեն Խաչատրյան

Տեղեկացված եմ եղել, որ Սամվել Բաբայանը գնացել է ադրբեջանական կողմի հետ բանակցությունների եւ ինչ–որ համաձայնություններ եղել են։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Սամվել Բաբայանի բանակցությունը չի նշանակում, որ Արցախի կառավարությունն է բանակցությունների գնացել, նա այնտեղ քաղաքական երկրորդ ուժն է ներկայացնում, նա տեսնելով ստեղծված իրավիճակը, տեսնելով, որ բանակցությունների չգնալը բերելու է աղետի, ինքն իր նախաձեռնությամբ գնացել է այդ բանակցություններին։ Այո, ես տեղեկացված եմ եղել, որ նա գնացել է այդ բանակցությունները եւ ինչ-որ համաձայնություններ եղել են, բայց քանի որ դա պաշտոնական Ստեփանակերտի կարծիքը չի եղել, այդ բանակցություններն արդյունք չեն տվել»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Անդրադրադառնալով այն դիտարկմանը, որ Ադրբեջանն էր ասում, որ չի բանակցելու Արցախի իշխանությունների հետ, Խաչատրյանն ասաց․ «Ադրբեջանը կարող է շատ բան ասել։ Ադրբեջանը մի քանի անգամ համաձայնել է երկխոսության՝ որոշակի պայմաններով, բայց դրանք տարբեր պատճառներով տեղի չեն ունեցել։ Պատճառներից մեկն էլ երբեմն եղել է Ստեփանակերտի չցանկանալը»։

Հարցին՝ ինչպե՞ս է Բաբայանը Արցախի իշխանությունների թիկունքում նման պայմանավորվածությունների մեջ մտել, պատգամավորը պատասխանեց․

«Մանդատը տվել են, Արցախի նոր եկած իշխանություններն այդ մանդատը վերցրին, իշխանափոխություն արեցին, մանդատը վերցրին, համոզելով բոլորին, որ այդ մանդատը թույլ կտա Արցախի անվտանգային հարցերը լուծել եւ 5 օր հետո տեսանք՝ ինչ եղավ։ Սամվել Բաբայանը մինչեւ իշխանափոխությունը բազմիցս ասել է, որ եթե գնան այս ճանապարհով, Արցախի վրա հարձակում է լինելու եւ Արցախը կորցնելու են։ Ես նրան գնահատում եմ որպես հեռատես ռազմական եւ քաղաքական գործիչ, նա կանխատեսել է այս իրավիճակը, որ այսպես է լինելու եւ հանուն Արցախի գնացել է այդ բանակցություններին եւ ճիշտ է արել։ Արցախի նոր իշխանությունների այդ մանդատը օգտագործվեց կապիտուլյացիայի համար, իսկ Սամվել Բաբայանը, որ այդքան խնդրում ու ասում էր՝ ես ունեմ դրա լուծումը, կարող եմ գնալ բանակցել եւ այլն, նրան խաղից դուրս թողեցին եւ նույնիսկ այդ քննարկումների ժամանակ այնպես արեցին, որ Բաբայանը չմասնակցի»։

Հարցին՝ նման անձին ինչպե՞ս է հաջողվել ժպիտը դեմքին, ադրբեջանցիներին բարեւելով՝ անխափան անցնել, հետո ընկերներին «փուռը տալ», պատգամավորն արձագանքեց․ «Ինքը ընկերներին երբեք «փուռը տված» չկա։ Եթե գտնեք մի ընկեր, որին Բաբայանը «փուռն է տվել», կարող եք ասել։ Նրա մասին նման ձեւով խոսելը բարոյական չէ։ Նա տաղանդավոր ռազմական գործիչ է, նա կարող է հիմա էլ մտնել ու դուրս գալ, դա արտահայտվում է նաեւ իր այդպիսի տակտիկական խնդիրների լուծման ունակությամբ․ թող ոչ մեկ իր հետ ոտք չգցի»։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ՀՀ կառավարությունն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելով նշում էր, թե հնարավոր կլինի միջազգային մեխանիզմներով Արցախի ժողովրդի իրավունքներն ապահովել, ապա ինչո՞ւ չհաջողվեց դա անել, Արմեն Խաչատրյանը պատասխանեց․

«Նիկոլ Փաշինյանն ու կառավարությունը բազմիցս հորդորել են, որպեսզի ուղիղ բանակցությունների Ադրբեջանի հետ, այսինքն՝ Ստեփանակերտ-Բաքու բանակցությունները լինեն ուղիղ եւ նույնիսկ առաջարկ է արվել միջազգային գործընկերների կողմից, որ դա լինի միջազգային մեխանիզմների շրջանակեներում, ինչը շատ լավ կլիներ, բայց բազմաթիվ անհասկանալի պրոցեսների բերումով այդ բանակցությունները տեղի չունեցան, դրան հետեւեց Արցախում իշխանափոխությունը, որը հիմնավորվում էր Արցախի անվտանգության մակարդակը բարձրացնելու եւ առկա խնդիրները լուծելով, բայց տեսանք՝ իշխանափոխությունից հետո այլ իրադրություն ստեղծվեց, եւ մի քանի օր հետո կապիտուլյացիայի ենթարկվեց Արցախը»։

Անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ապօրինի ձերբակալությանը՝ պատգամավորն ասաց․

«Այդ ձերբակալությունը համարում ենք ապօրինի։ Ինչպիսի մեղադրանք էլ նրան առաջադրեն, միանշանակ ապօրինի է։ Հայաստանի Հանրապետությունը պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում՝ ներգրավելով միջազգային գործընկերներին, որպեսզի Վարդանյանին օր առաջ ազատեն գերությունից։ Ինչպիսի ցուցմունք էլ հիմա փորձեն կորզել, ինչպիսի քրեադատավարական պրոցեսներ էլ սկսվեն նրա նկատմամբ, պարզ է, որ դա ուժի ճնշման ներքո է եւ դա չի կարող հիմք հանդիսանալ ինչ-որ արդարադատություն իրականացնելու համար»։

  • Կիսվել: