չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Մենք գիտենք այնտեղ ովքեր են, ինչ են իրենցից ներկայացնում. Արմեն Խաչատրյանը՝ ցուցարարների մասին

Մենք գիտենք այնտեղ ովքեր են, ինչ են իրենցից ներկայացնում. Արմեն Խաչատրյանը՝ ցուցարարների մասին

Ես նորմալ եմ համարում ոստիկանապետի լեքսիկոնը. Այո, ոստիկանապետը կարող է բոլորի հետ խոսել, համոզման մեթոդներ կիրառել: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի լեքսիկոնին, որով նա խոսում է ցուցարարների կամ Բագրատ Սրբազանի հետ:

«Ոստիկանությունը երկու մեթոդով է աշխատում՝ համոզման եւ հարկադրանքի: Երբ որ համոզման մեթոդը չի գործում, կիրառում են հարկադրանքի մեթոդը: Համոզման մեթոդի մեջ մտնում են հորդորները, քարոզչական աշխատանքները, խոսելը, բանակցելը: Եթե տանում են վեճի, հնարավոր է նաեւ վերածվի բանավեճի, դա նորմալ է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ոստիկանապետը երբեմն վիրավորական արտահայտություններ է օգտագործում ժողովրդի հասցեին, պատգամավորն ասաց. «Ժողովրդի անունից՝ մի խոսեք, մենք գիտենք այնտեղ ովքեր են, ինչ են իրենցից ներկայացնում: Այդտեղ եւ ժողովրդի մաս կա, եւ քաղաքական տարբեր շահագրգռվածություններ ունեցող խմբակներ կան: Այո, ՀՀ ժողովրդի մի փոքր հատված կարող է այլ պատկերացումներ ունի եւ կարող է գտնվել այնտեղ, դա նորմալ է: Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իրավունք ունի արտահայտելու իր տեսակետները, նաեւ պետք է պաշտպանել այդ քաղաքացիների իրավունքներն ամեն գնով»:

Ինչ վերաբերում է ցուցարարների նկատմամբ ոստիկանների գործողություններին, ՔՊ-ական պատգամավորը նշեց. «Ցուցարարների հանդեպ ոստիկանների կողմից որեւէ գործողություն ես չեմ նկատել, եղել են առանձին դրվագներ, որոնցով ՆԳՆ-ում նշանակված է ծառայողական քննություն, որի արդյունքում կպարզվի՝ ոստիկանների գործողություններն իրավաչափ են, թե ոչ: Եթե իրավաչափ չեն, ապա կարգապահական բնույթի խախտում կհամարվի, իսկ եթե կարգապահականից ծանր իրավախախտում լինի, ապա կդիտարկվի քրեաիրավական դաշտում նրանց գործողությունները:

  • Կիսվել: