կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱՄՆ-ը պետք է օգտագործի դիվանագիտական ​​բոլոր գործիքները. ԱՄՆ կոնգրեսականները՝ Արցախի դրության մասին

ԱՄՆ-ը պետք է օգտագործի դիվանագիտական ​​բոլոր գործիքները. ԱՄՆ կոնգրեսականները՝ Արցախի դրության մասին

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ, կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Բիլիրակիսը, Դեյվիդ Վալադաոն և Ադամ Շիֆը հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը ամիսներ շարունակ զգուշացնում է, որ Ադրբեջանը օրը ցերեկով ցեղասպանության արշավ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայ ժողովրդի դեմ։ Ադրբեջանական ուժերի այսօրվա լայնածավալ հարձակումն էլ ավելի է սրում այս արշավը՝  իր շահերի համար օգտագործելով այն մարդկանց, որոնց նրանք սիստեմատիկորեն սովի են մատնել վերջին 10 ամիսների ընթացքում: Այս հարձակման ողջ ծավալի մասին դեռ վաղ է խոսել, սակայն նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը մահաբեր ուժ է կիրառում, ներառյալ զանգվածային հրետակոծությունը, Ստեփանակերտի բնակելի և քաղաքացիական տարածքների գնդակոծությունը: Ըստ հաղորդագրությունների՝ հարձակումների հետևանքով մինչ այժմ վիրավորվել է առնվազն 138 մարդ, այդ թվում՝ 29 խաղաղ բնակիչ, 25-ը զոհվել են, այդ թվում՝ մեկ երեխա։  

Նախագահ Ալիևը կազմակերպել է այս կանխամտածված հարձակումը՝ նպատակ ունենալով արտաքսել Արցախի հայ բնակչությանը։ Այսպես կոչված «մարդասիրական միջանցքները», որոնք նրանք, ըստ տեղեկությունների, բացել են, որպեսզի խաղաղ բնակիչները լքեն տարածքը, ուղղված են միայն իրենց էթնիկ զտումների արշավի  հետագա հավերժացման՝ օգտագործելով բռնությունը, սովը և վախը՝ այդ մարդկանց իրենց հայրենիքից հեռացնելու համար: Հայերը Լեռնային Ղարաբաղը տուն են կոչել հազարավոր տարիներ: Միացյալ Նահանգները պետք է օգտագործի բոլոր դիվանագիտական ​​գործիքները, ներառյալ պատժամիջոցները, որպեսզի ապահովի այնտեղ մնալու նրանց իրավունքը։ Մենք կոչ ենք անում Պետքարտուղարությանը և մեր միջազգային գործընկերներին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու ադրբեջանական ուժերի հետագա ագրեսիան և ապահովելու մարդկանց անվտանգությունը»,- ասվում է ԱՄՆ կոնգրեսականների հայտարարության մեջ։

  • Կիսվել: