կիրակի, սեպտեմբեր 27
27 / 9 / 2026
Չեմ կարծում, որ մեզ պետք են զինվորականներ. Թրամփը խոսել է Կուբայի հետ գործարք կնքելու մասին

Չեմ կարծում, որ մեզ պետք են զինվորականներ. Թրամփը խոսել է Կուբայի հետ գործարք կնքելու մասին

 

Մենք Կուբայի հետ գործարք կկնքենք, չեմ կարծում, որ մեզ պետք են զինվորականներ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները ծրագրո՞ւմ է ռազմական գործողություն իրականացնել Կուբայի դեմ:

Թրամփը, մասնավորապես, ասել է. «Կուբան շատ ծանր վիճակում է։ Մենք ցանկանում ենք օգնել Կուբային։ Մենք ցանկանում ենք Կուբան բացել մեր քաղաքացիների համար։ Մենք ունենք շատ կուբացի ամերիկացիներ, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք»:

Ավելի վաղ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Կուբայում իշխանության համակարգը փլուզվում է, և կանխատեսել էր դրա ամբողջական փլուզումը: Կուբայի պատվիրակությունը լքել էր դահլիճը, որտեղ տեղի էին ունենում ՄԱԿ-ի ընդհանուր քննարկումները:

Իր հերթին CBS News-ը հայտնել է, որ ԱՄՆ-ն ստուգում է, թե արդյոք բանակի պահեստային ստորաբաժանումներն առաջիկա չորս ամիսների ընթացքում կկարողանա՞ն Հարավային հրամանատարությանը տրամադրել ռազմական ոստիկանություն, բժշկական անձնակազմ, ինժեներական և այլ աջակցող ուժեր։

Ըստ աղբյուրի՝ համապատասխան հարցումը պարունակվում է ԱՄՆ բանակի ներքին հաղորդագրության մեջ, մի քանի ամերիկացի պաշտոնյաներ այս աշխատանքը կապել են Կուբայի շուրջ շարունակվող ռազմական պլանավորման հետ։

Փաստաթղթում Կուբան չի հիշատակում։ Դրանում խոսվում է Հարավային հրամանատարության՝ վեց տեսակ ստորաբաժանումների հնարավոր կարիքի մասին, որոնք կարող են անհրաժեշտ լինել 90–120 օրից։ Միևնույն ժամանակ, զորքերի տեղակայման վերաբերյալ որևէ հրաման դեռ չի եղել, ենթադրվող ուժերի թվաքանակը, դրանց հնարավոր տեղակայման վայրերը և կոնկրետ գործողությունը փաստաթղթում նշված չեն։

Պահանջվող ստորաբաժանումների թվում են նյութատեխնիկական ապահովման գումարտակը, որը պատասխանատու է փոխադրումների, տեխնիկական սպասարկման, վառելիքի և մատակարարման համար, ինչպես նաև ինժեներական գումարտակը։ Բացի այդ, բանակի ղեկավարությունը հետաքրքրվում է էքսպեդիցիոն ապահովման հրամանատարություն տրամադրելու հնարավորությամբ, որը կհամակարգի լոգիստիկան ռազմական գործողությունների թատերաբեմում։

Հարցման մեջ ներառվել են նաև բժշկական բրիգադը, վիրաբուժական ստորաբաժանումը՝ շտապ օգնություն ցուցաբերելու և ծանր վիրավորումներն անմիջապես գործողության գոտում բուժելու համար, ինչպես նաև ռազմական ոստիկանության բրիգադը։ Վերջինս սովորաբար պատասխանատու է անվտանգության, ձերբակալվածների պահման և այլ իրավապահ խնդիրների համար։

ԱՄՆ Հարավային հրամանատարությունում հայտարարել են, որ օպերատիվ անվտանգության նկատառումներից ելնելով՝ չեն բացահայտում տեղեկություններ զորքերի տեղաշարժերի, հնարավոր տեղակայման ժամկետների և ապագա գործողությունների պլանավորման մասին։ Միևնույն ժամանակ, հրամանատարությունը մշտապես համագործակցում է զինված ուժերի այլ կառույցների հետ՝ իր պատասխանատվության տարածաշրջանում հնարավոր կարիքները գնահատելու համար։

Ընդգծվում է նաև, որ նոր տվյալները հայտնվել են Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Կուբայի նկատմամբ ճնշման կտրուկ ուժեղացման ֆոնին։

  • Կիսվել: