ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ամերիկացի դատախազների քայլի հետեւանքով Խաչատրյանների շքեղ առանձնատան ձեռքբերումը դարձել է ռիսկային

Ամերիկացի դատախազների քայլի հետեւանքով Խաչատրյանների շքեղ առանձնատան ձեռքբերումը դարձել է ռիսկային

Ամերիկացի դատախազների կիրառած միջոցի հետեւանքով ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան շքեղ առանձնատունը, որը վաճառքի է հանվել, որոշ չափով կորցրել է գրավչությունը հավանական գնորդների համար. գրում է hetq.am-ը։

Հիշեցնենք, որ 2011 թ․ Խաչատրյանի որդիներից ավագը՝ Գուրգենը, եւ նրա կառավարած «Veto Trust»-ը 14,4 մլն դոլարով գնել էին Լոս Անջելեսի Վեսթվուդ շրջանի Հոլմբի Հիլզ թանկարժեք թաղամասի առանձնատներից մեկը (հասցեն՝ 530 South Mapleton Drive)։ 2017-ին Խաչատրյանները այս հասցեում նոր տուն էին կառուցել, որի բնակելի տարածքը 3126 քմ է, իսկ ընդհանուր անշարժ գույքի մակերեսը՝ 5224 քմ։

Երկհարկանի նոր վիլլան ունի 11 ննջասենյակ, 27 լոգասենյակ/զուգարան, ճաշասենյակ, ընտանեկան սենյակ, սպասավորների սենյակներ, տնային կինոթատրոն, գրադարան, մեդիա/երաժշտական սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, գինու մառան, նկուղ, ավտոտնակ, լվացքատուն, բակում կա լողազավան։ 
 
2016-ին «Veto Trust»-ը եւ դրա կառավարիչներից Թեդ Թադեւոս Խաչատրյանը առանձնատունը փոխանցել են վերջինիս ղեկավարած «WRH» ընկերությանը, որը գրանցված է Լոս Անջելեսում։ Ընկերության գործադիր ու ֆինանսական ղեկավարը, ինչպես նաեւ քարտուղարը Թեդ Խաչատրյանն է, տնօրենները՝ Արտյոմ եւ Գուրգեն Խաչատրյանները։ Չնայած փաստաթղթերով սեփականատերը «WRH»-ն է, իրական տերերը Գագիկ Խաչատրյանի որդիներն են։

Մայիսին ԱՄՆ արդարադատության նախարարությունը (դեպարտամենտը) հայտարարել է, որ 530 հասցեի անշարժ գույքը բռնագանձելու հայց է ներկայացրել Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարան։ Ամերիկյան կողմը գտնում է, որ տունը Գագիկ Խաչատրյանի որդիները ձեռք են բերել ոչ օրինական ճանապարհով ստացված միջոցներով։ Խոսքը գործարար Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի կողմից 2011 թ․ Խաչատրյաններին տրված 22.401.000 դոլարի մասին է, որը հայ ու ամերիկացի իրավապահները համարում են կաշառք (այն ժամանակ Գագիկ Խաչատրյանի գլխավորած ՊԵԿ-ի կողմից բարեհաճ վերաբերմունք ստանալու համար), իսկ Առուստամյանն ու Խաչատրյանները դա անվանում են փոխառություն եւ ոչ ավելին։

Այս տարվա ապրիլի 7-ին, երբ ԱՄՆ իրավապահները դեռ չէին հայտարարել բռնագանձման դատական հայցի մասին, Խաչատրյանները, ավելի կոնկրետ՝ «WRH» ընկերությունը, առանձնատունը հանել է վաճառքի 63,5 մլն դոլարով։

Սակայն ԱՄՆ դատախազները մայիսի 4-ին՝ դատական հայց ներկայացնելուց 2 օր անց, Կալիֆոռնիայի Լոս Անջելես շրջանի (Los Angeles County) պաշտոնական գրառումների գրասենյակում գրանցել են տվել ծանուցում այն մասին, որ վաճառքի հանված գույքի վերաբերյալ կա դատական գործ։ Այդ ծանուցումը ամերիկյան օրենսդրության մեջ հայտնի է որպես «lis pendens» (լատիներենից թարգմանաբար՝ «դատ է ընթանում»)։

Սա գույքի օտարման կամ այլ գործարքի արգելանք չէ, սակայն որոշ իմաստով մոտ է դրան։ Բանն այն է, որ եթե օտարվող գույքի հանդեպ կիրառվել է «lis pendens», ապա նշանակում է, որ դրա սեփականության իրավունքը վիճարկվում է դատարանում։ Այս ընթացքում եթե գործող սեփականատերը նույնիսկ կարողանա վաճառել գույքը, ապա գնորդը հետագայում պարտավոր է լինելու կատարել դատարանի վճիռը, այդ թվում՝ հրաժարվել գույքից՝ հօգուտ դատը շահած հայցվորի։

Հասկանալի է, որ եթե որեւէ կողմ, այս դեպքում՝ ԱՄՆ իշխանությունները, դատարանում վիճարկում են շքեղ առանձնատան հանդեպ «WRH» ընկերության (փաստացի՝ Խաչատրյանների) սեփականության իրավունքը, ապա վաճառքի հանված գույքի հավանական գնորդները, որպես կանոն, չեն ցանկանա ռիսկի դիմելու ձեռք բերել առանձնատունը, քանի որ դեռ պարզ չէ, թե ինչ վճիռ կկայացնի դատարանը։ Եթե վերջինս բավարարի դատախազների հայցը (բռնագանձնման հայցը քննվում է ոչ թե քրեական, այլ քաղաքացիական գործի շրջանակներում, սակայն պետության շահերը պաշտպանում են դատախազները), ապա գույքն անցնելու է պետությանը, այսինքն՝ եթե Խաչատրյանները նույնիսկ կարողանան օտարել առանձնատունը, ապա դատարանի նման վճռից հետո գնորդն ստիպված է լինելու այն հանձնել պետությանը, իսկ իր գումարը հետ պահանջել Խաչատրյաններից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: