կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ակնկալում ենք մարտից ունենալ «Սպուտնիկ V»-ի որոշակի խմբաքանակ. Ավանեսյան

Ակնկալում ենք մարտից ունենալ «Սպուտնիկ V»-ի որոշակի խմբաքանակ. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ԱՆ մասնագետների խումբն աշխատում է՝ գնահատելու բոլոր առաջարկվող պատվաստանյութերը և իր մասնագիտական կարծիքի մեջ ներառել է նաև «Սպուտնիկ V»-ի կիրառման հնարավորությունը:

«Մենք առաջիկայում արդեն կունենանք կոնկրետ ժամկետներ՝ երբ ենք ստանալու»,- ասաց նախարարը:

Լրագրողների ճշտող հարցին՝ դեռևս բավարար քանակով չի՞ ստացվել, նախարարը տվեց բացասական պատասխան: 

«Մենք դիմել ենք, բանակցությունների շրջանն արդեն ավարտվել է, մոտ ապագայում կիմանաք՝ երբ ենք ստանալու: Ակնկալում ենք մարտից արդեն ունենալ որոշակի խմբաքանակ՝ էտապներով պատվաստման գործընթացը սկսելու համար»,- տեղեկացրեց Ավանեսյանը: 

Հարցին՝ ովքե՞ր են առաջինը պատվաստվելու, նախարարը ասաց՝ արդեն որոշվել են ռիսկային խմբերը, և ըստ այդ հրամանի՝ ռիսկային խմբերում ներգրավված անձինք կունենան պատվաստման առաջնահերթություն: 

«Մենք աշխատում ենք մի քանի հարթակներում՝ ունենալու լավագույն տարբերակները և ապահովելու մեր բնակչությանը հնարավորինս մատչելի և որակյալ պատվաստանյութով»,- հավելեց ՀՀ առողջապահության նախարարը:

  • Կիսվել: