ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուսաստանը դեմ է սադրիչ զորավարժություններին․ Լավրովը` Հարավային Կովկասի մասին

Ռուսաստանը դեմ է սադրիչ զորավարժություններին․ Լավրովը` Հարավային Կովկասի մասին

Ռուսաստանը դեմ է Հարավային Կովկասում ռազմական ակտիվության ավելացմանը։

Մոսկվայում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
 
Լավրովին խնդրել են մեկնաբանել Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի վերջին զորավարժությունները ադրբեջանական տարածքում, այդ թվում՝ Կասպից ծովում:
 
«Ռուսաստանը դեմ է ռազմական ակտիվության ավելացմանը, ինչպես նաև սադրիչ բնույթի զորավարժություններին»,- նշել է ռուս նախարարը:
 
Նա հիշեցրել է, որ հենց Ռուսաստանն է վճռորոշ դեր խաղացել մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման և եռակողմ հայտարարության ստորագրման գործում: Նրա խոսքով` հայտարարության մեջ կային կարգավորման առաջխաղացման հետագա քայլերը որոշող սկզբունքներ` ներառյալ տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների, տնտեսական կապերի ապաշրջափակման աշխատանքը: Նա համոզված է, որ դրանից կշահեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, այլև Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։
 
Ինչ վերաբերում է Կասպից ծովում օտարերկրյա ռազմական ներկայությանը, ապա, նախարարի խոսքով, Մոսկվան բազմիցս ընդգծել է Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի արագ ուժի մեջ մտնելու անհրաժեշտությունը: Փաստաթուղթն արգելում է տարածաշրջանում ոչ կասպիական պետությունների ցանկացած ռազմական ներկայություն։ Լավրովի խոսքով` կոնվենցիան ուժի մեջ կմտնի վավերացվելուց հետո: Այժմ այն քննարկվում է Իրանի խորհրդարանում։ Նա հույս ունի, որ կոնվենցիան շուտով կվավերացվի և կդառնա լիարժեք միջազգային փաստաթուղթ։

  • Կիսվել: