շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եթե Իրանը ցանկանար սպանել ամերիկացի զինվորներին, կծրագրեր զոհերի մեծ թվով գործողություններ. Ջաջիզադե

Եթե Իրանը ցանկանար սպանել ամերիկացի զինվորներին, կծրագրեր զոհերի մեծ թվով գործողություններ. Ջաջիզադե

Իրաքում ամերիկյան բազաների ուղղությամբ հրթիռային հարվածները սկիզբ են դրել տարածաշրջանից ԱՄՆ-ի արտաքսման մասշտաբային գործողություններին, ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աերոտիեզերական զորքերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Ջաջիզադեն, տեղեկացնում է Ֆարսը:

Նա նշել է. «ԱՄՆ կարեւորագույն բազաներից մեկի ուղղությամբ հրթիռային հարվածները սկիզբ են դարձել խոշորագույն գործողությունների համար՝ ի պատասխան Սոլեյմանիի սպանության»:

Ջաջիզադեն  նաեւ հավելել է. «Մենք մտադիր չենք սպանել ինչ-որ մեկին՝ չնայած նրան, որ տասնյակ ամերիկացի զինվորներ, հավանաբար, սպանվել եւ վիրավորվել են եւ տեղափոխվել Բաղդադի, Իսրայելի եւ Հորդանանի հիվանդանոցներ»: Ըստ նրա՝ եթե Իրանը ցանկանար սպանել ամերիկացի զինվորներին, ապա կծրագրեր զոհերի մեծ թվով գործողություններ, որպեսզի սպաներ 500 ամերիկացի զինծառայողների առաջին փուլում եւ մինչեւ 5000 զինծառայողների երկրորդ եւ երրորդ փուլերում:

Գեներալի խոսքով՝ ամերիկյան բազաների ուղղությամբ արձակվել է 13 հրթիռ: Նա նշել է, որ Իրանը պատրաստ էր գործողության առաջին ժամերին հարյուրավոր հրթիռներ արձակել:

Ջաջիզադեն ասել է, որ իրանցի տառապյալների արյունը մեծ արժեք ունի, եւ այն չի կարող փոխհատուցվել բազաների ուղղությամբ հարվածներով, կործանիչներ կործանելով կամ նույնիսկ Թրամփի մահով, «քանի որ գլխավոր վրեժը, ինչպես հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Խամենեին, ԱՄՆ-ի արտաքսումն է տարածաշրջանից»:  

  • Կիսվել: