Երբեմն բնակիչների անտեղյակությունը վտանգում է բազմամիլիոնանոց ներդրումները․ Թունյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի խնդիրների մասին
Mining Armenia Forum 2026 համաժողովի շրջանակներում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը անդրադարձել է Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի, ինչպես նաև շինարարության թույլտվությունների տրամադրման հարցերում առկա խնդիրներին։
Բաբկեն Թունյանը նկատել է, որ օրենսդրությունը պետք է լինի առավել ճկուն․ «Հանրային լսումների ժամանակ տեղական համայնքների վետոյի իրավունքը հաճախ հանգեցնում է խիստ ու կատեգորիկ սահմանափակումների, մինչդեռ այդ կարծիքը պետք է կրի խորհրդատվական բնույթ և ոչ թե լինի պարտադիր արգելք»։
Նրա խոսքով՝ հաճախ համայնքի բնակիչները կարող են գտնվել ապատեղեկատվության ազդեցության տակ, ինչն էլ կարող է մեծ վտանգ հանդիսանալ նախատեսվող բազմամիլիոնանոց ներդրումների, որն անթույլատրելի շռայլություն է մեր երկրի համար։
Նախ անհրաժեշտ է պարզել, թե ինչ կա տվյալ տարածքի ընդերքում, արդյունքները ներկայացնել հանրությանը և միայն դրանից հետո որոշել զարգացման հետագա ուղղությունները՝ զբոսաշրջությո՞ւն, գյուղատնտեսությո՞ւն, հանքարդյունաբերությո՞ւն, թե՞ այս ամենը միասին։ «Իսկ երբ գործընթացը կասեցվում է առանց հստակ տեղեկատվություն ունենալու, դա որևէ լավ բանի չի հանգեցնում»,-ավելացրել է Թունյանը։



